Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժայռերը, մարե՛լ կատարի հոսանուտ կրակը, և, մինչև այդ խաղաղ ժպտող ջրերը, անընդհատ կռվի ելան ապառաժների դեմ, ճգնեցին փշրել նրանց կողերը, ուժ տվին՝ լզելով մաշելու նրանք կոշտ ներկայությունը, բայց չարադեմ ժայռերը ավելի խոր մղվելով՝ իրենց տակ մեռցրին, ոչնչացրին ամեն դալարիք, ամեն կյանք կամ շարժողություն…

Այդպես էր ահա, որ անտառն այն շքեղ՝ տրորվեց ժայռերի ուժի տակ: Այդպես էր ահա, որ այն սքանչելի հովիտը սև ու ահավոր քարերի անապատ դարձավ, ծովակների շուրջը քարերի շղթաներով կաշկանդվեցավ, և շրջակա ծաղկավետ բլուրների վրա չոր ամայությունը եկավ, բնակվեցավ…

Եվ այդ դեռ թավ չէր. ճահիճն էլ մյուս կողմից մոտեցավ, դիմադրելու ուժ չունեցող անտառի կուրծքը մտավ, եղած ծառերին իր գարշ բորբոսով պատեց, զեռունների և գորտերի ձայներով ամեն թռչուն ու սոխակ հանեց, դուրս նետեց։

Վարդը մեռավ բորբոսից, ընձյուղները արմատախիլ, տխուր շարքերով, քարերի ճեղքերում իրենք գերեզմանը գտան, և մշտադալար թարմ կանաչությանը հաջորդեց տիղմով ու բորբոսով կանաչած՝ հոտած մի ճահիճ։

Եկա՜ն նաև գազանները: Խմբովին եկան։ Ջարդեցին, փշրեցին, ոտնատակ արին, ամեն ինչ տրորեցին և հովասուն վայրերը չոր խռյունների ասպարեզ շինեցին, ուր այնուհետև գայլերն էին միայն ոռնում, բորենիներ թափառում և խոզերը՝ հողը քրքրում…

Անտառը հաղթվել էր, ընկճվել–ոչնչացել, և գեղեցիկ հովիտը լերկ անապատի փոխվել…

2

Երկա՜ր, անհաշիվ երկար տարիներ տոնեցին ժայռերն իրենց հաղթությումը, վայելեց ճահիճը՝ իր տիրապետությունը, տրորեցին գազաններն՝ իրենց անկյունը:

Երկա՜ր, անհաշիվ տարիներ սուրաց ավազախառն քամին հովտի վրայով, ծովակները ալեկոծեցին իրենք ափերը, մռնչացին, լացին, փշրվեցին քարերի շրջանակի դեմ։

Երկա՜ր, անհաշիվ տարիներ մողեսներ ու օձեր աղտոտեցին հովիտը իրենց զզվելի երգերով։

Արևը խանձեց, անձրևը ծեծեց, ավազը շերտեր կազմեց, ճգնեք անցյալից մի հետք չթողնել, և ամեն ոք կարծում էր, որ անտառը վերջնականապես մեռել-ոչնչացել էր ու այլևս չպիտի կարողանար շարժվեր