Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն այդպես չեղավ։

Լեռնային երկրներում, նույնիսկ ամենակարծր գրանիտային աշխարհներում, հաճախ տեղի են ունենում այնպիսի դեպքեր, որ նույնիսկ բնության՝ տարօրեն երևույթների վարժ անձը մնում է ապշած։

Ջրերից, բուսականությունից հեռու, միապաղաղ խոշոր ժայռերի մի ամենաչնչին ճեղքը մտնելով, անձրևի կաթիլներից սնունդ ստացած, տարիներով խուլ աշխատանքից հետո, սակավ աո սակավ կուրծքը ճեղքում և վեր են պարզվում այնպիսի ուժով մեծամեծ ծառեր, որ կատարելապես անհասկանալի է մնում, թե ո՜ր աստիճան հսկա ուժ էր պետք այդ բոլորն անել կարողանալու համար։

Բուսական աճեցողության ուժը, հիրավի, եթե նա գոյություն ունի նույնիսկ փոքրիկ սաղմերով, ո՛չ միայն չի մեռնում, այլ ոչինչ, բացարձակ ոչինչ չի կարող ճնշել նրան, ժամանակի ընթացքում փշրել-ծակելու ամեն արգելք, բարձր պարզելու իր ճյուղավորությունը և իր բեղմնավոր սերնդյան պատվանդան շինելու լեռ ու ապառաժ…

Սակայն հաղթողներից ոչ մեկը չգիտեր այդ: Ո՛չ այն վիթխարի կատարը, որ ծուխ ու կրակով մրկեց ամեն ինչ և կարծեց մեռցնել անտառը, որ քար-ապառաժով փշրեց ամեն ընձյուղ և մտածեց ոչնչացնել շարժումը, ո՛չ ճահիճը գիտեր, որ բորբոս–զեռունով պատեց անտառը և ջանաց փտությունով կանգնեցնել կյանքը, և ո՛չ էլ գազանները գիտեին, որոնք տրորեցին ամեն ծառ և հուսացին անապատ շինել կյանքի փոխարեն։

Բայց հենց վիթխարի կատարի մոխիրն ու կրակը, միացած ճահճի սփռած փտության, գազանների տրորած, խռիվ դարձրած տերևների հետ, խնամեցին, ամեն վտանգներից ազատ պահեցին մեռնող անտառի աճողության ուժը և երկար, շա՜տ երկար ժամանակներից հետո ապշությամբ զգացին, որ այնտեղ՝ խորքերում, քարերի տակ, ժայռերի թողած փոքրիկ ճեղքերի մեջ, ճահճի կուտած փտության խավերում՝ կատարվում էր մի նոր բան:

Չնչին, վտիտ և փոքրիկ արարածներ այս-այն կողմից գլուխ էին դուրս պարզում, ամենափոքր կաթիլից սնանվում, ստվերից զովանում և նուրբ կանաչությամբ անապատը կենդանացնում…

- Ի՞նչ է այն,– գոչեց ապշությամբ լերկ ապառաժը,— կարծես կանաչ բաներ են լույս ընկնում։

- Ոչինչ բան,— քրքջաց կատարը,— ճզմեցե՛ք կամ անուշադի՛ր թողեք:

- Թող աճեն, ի՞նչ կա,– ասացին քարերը,– մեզ հովանավորում