Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ նույն օրը նա ախորժակ չունեցավ ուտելու, զվարճանալու և կամ երգելու։

Կծկված մի անկյուն՝ խորհում էր եղածների վրա, նալում վանդակին, պատին կռթնեցրած ձողին, նայում անցուդարձ անող գավազանակիր պահապաններին…

Ամենքը կարծես նրան էին նայում մի տեսակ հեգնող ժպիտով, չարագուշակ, լիրբ արտահայտությունով։

Կարծես ամենքն ուզում էին ասել.

— Սպասի՜ր մեկ… քեզ ցո՛ւյց կտանք, թե ո՞րն է ազատությունը:

Խորհում էր առյուծը դառնությամբ, կծկված հեռավոր իր խուլ անկյանում։ Սիրտը ճնշվում էր։

Տխուր, գրեթե լաց լինելու չափ կոկորդը դառնացած՝ մնաց նա մինչև երեկո անշարժ, թաց աչքերը երկնքին ու արևին, ներքին դողով բռնված, զվարթությամբ մռնչալու սիրտ և ուտելու ախորժակը կորցրած։

Մի ագամ միայն փորձեց ջուր խմել: Պապակում էր։ Թեև առվակը պղտոր էր, լեղի, սակայն նա խմեց երկար և գնաց կծկվելու իր թփերի մեջ։

Գիշերը քնել չկարողացավ, Վատ երազներ ու մղձավանջը տանջեցին նրան։ Քանի՜ անգամ վեր թռավ՝ կարծելով, թե ճնշում են կուրծքը, ոտքերը շղթայում, շիկացած երկաթը աչքերի մեջ կոխում…

Ու երբ արևի առաջին ճառագայթներն երևացին՝ զարթնեց, վեր թռավ, այսպես մտածեց.

— Ո՜ւհ, որքա՜ն վախկոտն եմ. կարծես առյուծ չլինեմ…

Եվ դեմքը կնճռած՝ ողջունեց բացվող արշալույսին, մինչ միտքը գործում էր հետզհետե արագ, տագնապալից վճռականությամբ…

Չկերավ միսը։ Բարկությամբ նետեց դեպի գազանապահի տունը, մոտ եկող պահապաններին սպառնագին մռմռոցներով դիմավորեց և ստիպեց նրանց ետ քաշվելու։ Գլխավոր գազանապահին էլ այնպես կատաղի ակնարկ նետեց, որ սա շտապեց թաքնվել…

Հետո, հետզհետե վճռական, կարծես իր որոշումն արած, թեև քիչ վարանոտ, քիչ էլ դողդոջուն՝ մոտ գնաց վանդակին, պտտեց շուրջը արհամարհաբար՝ պոչով ծեծեց նրա պատերը և երբ շիկացնելու սահմանված ձողի մոտով անցավ՝ թաթով խփեց նրան ու դղրդյունով գետին տապալեց…

Գազանապահներն ու պահապանները հեռվից, գաղտագողի դիտում էին այդ ամենը, գունատվում, վախենում։

Առյուծը հասկացել էր նրանց չար միտքը:

— Չէ՛, — ասաց գազանապահի օգնականը, – հարկավոր է կտրուկ