— Ներեցեք, աղա,– իսկույն․ ասաց նա,— քնել էինք և չէինք լսում:
— Հըմ,— փոքր–ինչ հանդարտվեց ենիչերին,— քնել էիք, շներ, մի՞թե ես այնպես ցած ձայն ունեմ, որ բոլոր թաղեցիներին, եթե սատկած իսկ լինեն, ես իմ ձայնովս չկարողանամ նրանց վեր թռցնել։
— Ի՞նչ ասել է, աղա,– վրա տվավ Խաչատուրը,- այնպես ձայն ունիս, որ քիչ մնաց մեր տունը քանդվեր քո ձայնից… բայց համեցեք ներս, աղա, տունը քոնն է, հրամանդ ի՞նչ է, իսկույն ծառաներդ պատրաստ են կատարելու։
Խաչատուրի այդ ստրկական ձայնը, խոսքերը և շարժմունքը փոքր-ինչ մեղմացրին բարբարոսին. նա ներս մտավ, ուղղակի սենյակն անցավ և, նստելով ամենավերին գլուխը, բարձերի վրա, հրամայեց, որ իրան հաց բերեն ուտելու։ Իսկույն Խաչատուրը դուրս եկավ, և Սեդրակի հետ ներս բերին արդեն պատրաստ սեղանը․ ենիչերին սկսեց ագահությամբ ուտել և երբ լավ կշտացել էր, դառնալով Խաչատուրին ասեց.
— Գյավո՞ւր, ձեր կանայքը համով կերակուր են եփել, ուզում եմ տեսնել ձեր կանանցը…
Սեդրակը գունաթափվեց, բայց զսպեց իրան։
— Կանչե մորս,— ասեց Խաչատուրը նրան։
Խեղճ կինը դողդողալով ներս մտավ և չոքեց ենիչերիի առջև։
— Գյավուր կնի՜կ,— ասեց նրան ենիչերին հպարտությամբ,— համով կերակուր ես եփել, բայց դու արդեն շատ պառավել ես, իհարկե, հարսներդ եփած կլինեն։
— Այո՛, աղա՛, իմ հարսներս են եփել։
Հարսներդ եմ ուզում տեսնել,— ասաց ենիչերին և աչքերը փայլեցին անզուսպ կրքերից…
Սեդրակն իրեն կտրտում էր բարկությունից։
— Սեդրակ,— ասեց Խաչատուրը,— ներս բեր հարսներին, թող անօրենը տեսնե, հոգ չէ, ինչը կպակսի հարսներից, թող տեսնե և գուցե կորսվի երթա։
— Անկարելի է,— մռմռաց Սեդրակր տեղից չշարժվելով,– ես հարսներին չեմ բերի այս պիղծի առջև։
— Մարդու լեզու խոսեցե՛ք,— գոռաց ենիչերին,— շուտով հարսներին բերեք տեսնեմ և նա տեղից շարժվեց։
Այն ժամանակ Խաչատուրը ոտքի ելավ և դուրս դնաց. Սեդրակն էլ նրա ետևից և երբ երկուսն էլ մտել էին մյուս սենյակը․
— Խաչատուր ախբար, — գոչեց Սեդրակը,– եթե ուզում ես, քո կնոջը տար, իսկ իմ կնոջ ես չեմ թողնի։
— Հիմար մի լինի, Սեդրա՛կ,— ասաց Խաչատուրը,— ենիչերին