Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմացավ, որ երկու հարս է, ի՞նչ կլինի կնոջդ երեսը տեսնելով, բայց գուցե այլևս պատճառ չունենա ու կորսվի երթա…

Հարսները որչափ կարողացան երեսները ծածկեցին, բայց ներս մտնելուն պես ենիչերին նկատեց Սեդրակի կնոջ գեղեցկությունը և այնպես գրավվեցավ, որ այլևս չկարողանալով համբերեր, հարցրեց.

— Ո՞ւմն է այս կինը։

— Իմն է,— ասաց Սեդրակը։

— Քոնն է, շատ լավ, ես այս գիշեր այստեղ ձեզ հետ կմնամ և երբ մի մյուսլման կա տան մեջ, տան ամենից գեղեցիկն պիտի ծառայե նրան զվարճացնելու… դե, ելեք, գյավուրներ, դուրս գնացեք և այս սիրուն կինը թող իմ անկողինս փռե… Սեդրակը և նույնիսկ բոլորը այնպես քարացած մնացին, որ այլևս խոսել չկարողացան, իսկ հարսը վախեցած սեղմվեցավ սկեսուրի կողքին.

— Չլսեցի՞ք, գյավուրնե՛ր,— գոչեց որոտաձայն բարբարոսը,—շուտ դուրս գնացեք և թողեք ինձ մոտ այդ կնոջ։

— Բայց աղա…— կմկմաց Խաչատուրը։

— Սուս…— որոտաց ենիչերին,— դուրս, թե չէ բոլորիդ հավի պես կմորթեմ։

Եվ նա այնպես կատաղությամբ սուրը քաշելով օդի մեջ տատանեց, որ նախ տան տիկինը, ապա մեծ հարսը, հետո Խաչատուրը դուրս փախան սենյակից։

Սեդրակը միայն մնաց, որ վճռականությամբ մոտեցավ իր մեռնելու պատրաստ սաստիկ դողացող և գետին ընկած կնոջ։

- Հը՛,— ժպտաց ենիչերին նրանց մոտենալով,— ի՞նչ է, կի՞նդ է այս, հոգ չէ, շատ սիրուն է, և դու կարող ես պարծենալ, որ մի կին ունեիր, որը բոլորովին գրավեց Մեհմեդ չավուշին… Ես արդեն ցերեկով տեսել էի կնոջդ և երեք օր է քուն չունեմ… այժմ կթողնես ինձ, էգուց նորեն միշտ թող քոնը լինի, ի՞նչ կա որդիս, ի՞նչդ կպակսի… մի վախենա. դեհ գնա…

Այս բոլորը նա այնպիսի բնական ձայնով ասաց, որ կարծես սովորական մի բան էր անելիքը։

— Ա՛յ… մի ուրիշ բան, տղա,— շարունակեց ենիչերին,— եթե ուզենա կինդ իր անօրեն հավատը թողնել և ճիշտ կրոնն ընդունել… ես համաձայն եմ նրան իմ հարեմս տանելու և քեզ էլ մի լավ քսակի ոսկի տալու…

Սեդրակը խեղդվում էր, եթե ուժը հաղթեր, անպատճառ կխեղդեր նրան, բայց ենիչերիի հսկա հասակը, ջլապինդ բազուկները և զենքերն