արդեն դողացնում էին նրան, որը երբեք արյուն չէր տեսել, կռիվ չէր արել և զենք չէր գործածել։
— Բայց այդ մասին առավոտյան կխոսենք…— շարունակեց ենիչերին,— այժմ ահա քեզ…— և նա առաջարկեց նրան մի ոսկի,— այժմ գնա քնիր, հոգ չէ, այսօր էլ մենակ քնիր…
Սեդրակն անշարժ, կնոջ ձեռքը բռնած, իր մարմնով նրան ծածկած, ենիչերիին էր նայում…
— Ի՞նչ,— գոչեց ենիչերին դեմքը խոժոռելով,— տվածս փողը չե՞ս առնում, չե՞ս էլ ուզում դուրս գնալ… չէ որ փորդ կը թափեմ… հա՛յդե, անհավատ,… կորսվիր դուրս…
Սեդրակն անշարժ մնաց։
Ենիչերին կատաղեց, բռնեց Սեդրակի ոտքերից և գլխից, արագությամբ և առանց ուշադրություն դարձնելու նրա հուսահատ աղաղակներին, տարավ նրան դեպի դուռը և շպրտելով դուրս՝ գոչեց.
— Գնա՛, երիտասարդ ես, խղճում եմ քեզ…
Սեդրակը պահ մի ցավից ընկած մնաց, ապա ոտքի ելավ և մռնչեց.
— Ո՛չ, ավելի չավ է մեռնել, քան այսպես ապրել.
Պահ մի մտածեց, ծոծրակը քորեց։
Այդ միջոցին ներսից լսվեցավ իր կնոջ ճիչը…
Արյունը գլխին զարկավ, մի ոստյունով թռավ դեպի խոհանոցը, հափշտակեց այնտեղից փայտ կտրտելու կացինը և սլացավ դեպի սենյակը… բայց այնտեղ կանգ առավ գունաթափ… դողդողում էր, խեղճը երբեք զենք չէր բռնել ձեռքը….
Հանկարծ ներսից լսեցավ մի սուր և աղիողորմ ճիչ…
— Նա է,— մռնչեց Սեդրակը,— և մինչդեռ Խաչատուրը, որը ամեն բան տեսնելով գունաթափ դեպի նա էր վազում, երիտասարդը ներս սլացավ…
Ենիչերին գիրկն էր առել սարսափահար կնոջը և քակում էր նրա հագուստները… նրա կեղտոտ շրթունքները հպել էին մարած կնոջ այտերին…
Սեդրակի աչքերը մթնեցին, առյուծի պես մռնչելով մի ոստյուն գործեց դեպի ենիչերին և բարձրացրած տապարը կատաղությամբ իջեցրեց նրա գլխին…
Սրահը թնդաց ենիչերիի ձայնից, որը բաց թողեց կնոջ, մի քայլ արավ և փռվեցավ գետին…
Սեդրակը կատաղությամբ ցատկեց դեպի նա, խռպոտ մռնչյուններ արձակելով սկսեց արագությամբ և ամենայն ուժով տապարով հարվածներ տեղալ ենիչերիի գլխին և մեջքին: