Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ հեռու էին։ Մոտենում էին, և ես, կառքից դուրս կռացած, աշխատում էի ճանաչել։

Եվ, այո, երեքն էլ ծանոթներ էին։ Բայց ի՞նչ գործ ունեին այդտեղ: Պտույտի՞ էին ելել արդյոք։

Օրիորդները՝ Սաթենիկն ու Վարդուհին էին, պարոնը՝ մի ուսանող, որ միջոցներ չունենալու համար, այդ տարի չէր կարողացել շարունակելու գնալ և սպասում էր որևիցե տեղից օգնության, փողի…

Առայժմ նա ասպետություն էր անում մեր քաղաքի չափազանց ասպետասեր օրիորդներին։ Ընկերակցում էր, վերարկունին էր բռնում, ծիծաղելի բաներ պատմում, որ չձանձրանան… Մի խոսքով, անում էր այն ամենը, ինչ կարող է ստեղծագործել գավառական կնախնդիր ասպետը՝ թե՛ հաճոյանալու համար և թե՛ ժամանակն անխնա սպանելու։

Մի խոսքով, Լևոնն էր դա, օրիորդներն էլ՝ Սաթենիկը և Վարդուհին։ Երեքն էլ ծանոթ, երևելի, երեքն էլ նոր ոսկի երիտասարդության ծաղիկներից- հնչեղ, համարձակ ծիծաղով, ազատ կյանքով ու ամեն «կապ» արհամարհող սկզբունքներով։

Չզարմացա։ Սովորական բան էր գյուղերը պտույտի ելնել այդ խմբի համար։ Տարօրինակն այն էր, որ չէին երևում մյուս ընկերները՝ օրիորդ Արուսյակը, պարոններ Սարգիսը, Մկրտիչը, Մուշեղը։ Չկար մանավանղ խմբի համն ու հոտը, այն սոսկալի, խոշոր ատամներ, բայց քաղցր ձայն ու քաղցր բնավորություն ունեցող «Ախպեր մարդը»— սրամիտ Սուրենր։

Ինչո՞ւ էին այդպես ջլատված ու բաժանված։ Ի՞նչ էին անում այդտեղ մենակ։

Մոտենում էին խոսակցելով։ Սաթենիկը քրքջում էր։ Լևոնը, որ նեղ շավղի պատճառով հետևից էր քայլում, օրիորդների վերարկուներն ուներ աջ կռանը և շարունակում էր, անշուշտ, ծիծաղելի մի բան պատմել նրանց։

Կառքից քիչ հեռու Վարդուհին էր առաջինը, որ կանգ առավ և նայեց իմ կողմը։ Նայեց, փոքրիկ ձեռքերն իրար խփեց ու բացականչեց.

— Բայց սա խո պ. Երվանդն է… Սաթո, Լևոն, պ. Երվա՜նդը…

Երեքն էլ վազեցին դեպի ինձ։

— Օ՜յ, օ՜յ, պ. Երվանդն է…

— Հա՜, հա՜, պ. Երվանդը. այս ո՞ւր է գնում փոշուցը ջաղացպան դարձած պարոն Երվանդը։

Պետք եղավ իջնել։ Թոթվեցի ինձ, երկու ձեռքերովս եռանդագին թափ տվեցի կիտված փոշին շորերիցս ու մազերիցս և սեղմեցի չարաճճիների ձեռքերը։