Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայթյունով ճայթեցին նրա կողին ու ջրի մի լեղի անձրև տեղացին մեզ վրա։

— Այս առաջինն է,— ասաց Թորոսը և ղեկը դարձրեց։— Դեռ սա ի՜նչ է որ,— շարունակեց նա,— այնպե՜ս սոսկալի սարեր են կազմում, այնպե՜ս կատաղաբար, երկու, աժդահաների նման, միմյանց վրա գահավիժում ու թավալում, որ, աստված մի՛ արասցե, եթե նավակը մեջն ընկնի, փշուր–փշուր կլինի… Բայց փոթորիկ չենք ունենա… Հրամանքդ առաջին անգա՞մն ես մեր ծովի վրա…

— Առաջին անգամն է։

— Շնորհքը կտեսնես մի քիչ… Անցյալ օրն էր, որ տակովն արավ հինգ նավակ՝ բոլորն էլ ցորեն և ոչխար բարձած։ Մի ամբողջ գյուղի տունը գրեթե ավերեց, ունեցած–չունեցածը ջուրը թափեց…

— Ծախելո՞ւ էին տանում։

— Այո՛, Վան էին գնում… նավավարներից երկուսը ազատվել են, մյուսները խեղդվել։

— Ձե՞ր գյուղերից էր։

— Ոչ… Ալչավազից էին. լուրը երեկ բերին մեզ… Բայց, վարդապետ, չէ՞ որ ալչավազցոց ցավերն էլ մերինների նման են. մեր սիրտն էլ են դաղում նրանց դժբախտությունները… Անցի՛ր ձախ կողմս, որ էլի չթրջվես։

Անցա ձախ կողմը։ Նորից մի ալիք պայթեց նավակի կողի վրա և լվաց նրա ցռուկը։

— Այո,– շարունակեց Թորոսը,— ծովն անգամ զուլումանում է մեզ։ Սրանից տասն օր առաջ հարկահանի ցորենաբարձ նավակները ճանապարհ ընկան։ Մի զարմանալի՛ բան էր… Առաջին օրը ծովը փոթորկից տրաքում էր. բայց հանկարծ հանդարտեց, և անիրավությամբ հավաքված ցորենը տեղ հասավ անվնաս… Այդ դեմքը ծուռ մուրտառին տեսնո՞ւմ ես…

— Ո՞վ։

— Լուսինը… Այնպես լուսավորել սկսեց, որ կարծես թե ծաղրում էր մեզ։ Իմ նավակը բերնեբերան լցրել էին… Ոստան իջանք. մի հատիկ իսկ չկորսվեց. հարկահանի ոտքը ուրախությունից գետնին չէր դիպչում…

— Դիպվա՜ծ…— ասացի ես։

— Դիպվա՞ծ…— գոչեց Թորոսը բարկությամբ և աջ ձեռքի թիակը դեմ տվավ.— դիպվա՞ծ… Ինչո՞ւ այդ դիպվածը քոռանում է, երբ մեր արդար քրտինքն է մեջտեղ գալիս, երբ մեր ցորենն է գնում, մեր ոչխարները… Չ՚է, վարժապետ, մենք մի անիծված ազգ ենք…