— Այդպես մի խոսի, Թորոս, մենք ի՞նչ ենք արել, որ անիծված լինենք։
— Չգիտեմ. հավատա, որ չգիտեմ… Ապա ինչո՞ւ ամբողջ տարին ապրում ենք, սիրտ ենք մաշում, դողում ենք, երբ երկնքի վրա ամպ չկա, ուրախությունից գժվում, երբ անձրև է գալիս, ահագին կռիվներ ենք սարքում միմյանց մեջ՝ մի հասկ ցորենի համար, մեր բերնից կտրում ենք, մեր երեխայոց մերկ թողնում, արևի տակ ճենճերվում, խանձվում ենք, ձեռքներս կոշտանում… Քամում ենք, հավաքում, աշխատում ենք մի խիլ անգամ չկորցնել և հետո՞… հետո գալիս են մի սյուրու գայլեր, խփում են մեր գլխին և մեծ մասը տանում, իսկ մյուսը, երբ ուզում ենք գործադրել— ծովն է կուլ տալիս… Է՜հ…— արեց, հուզմամբ դարձրեց ղեկի բռնատեղին և նայեց լուսնին։
— Ձեզ ո՞վ է ասում տվեք՝ ինչ-որ ուզեն,— ասացի ես,— եթե մեծ մասը չտաք, այս փոքր մասի՝ ջրի մեջ կորսվելը, որ պատահմամբ է լինում և ո՛չ միշտ, ձեզ շատ չի վշտացնի։
— Չտա՜լ, չտա՜լ… Մի քանի տարի է, որ քեզ նմանները այդպես են գոռում… Չտա՜լ… Ինձնից ավելի համարձակ, ինձնից ավելի ընդդիմադրող չկա գյուղում… Եվ ինձնից ավելի վնասվողն էլ չկա։ Գյուղացիք անգամ ինձ անվարվեցող են կոչում, նախատում են… անունս «ծուռ» են դրել. հարկահավաքին էլ ասում են՝ «բանի տեղ մի դնի, Թորոսը հանաք է անում»… Եվ հարկահանն էլ ինձ «կատակով» ավելի է նեղացնում, ինձնից ավելի վերցնում, հետո նույն տեսակ «կատակով» նավակս լցնում և հրամայում, որ ձրի փոխադրեմ… Աստված է վկա, քանի՜–քանի՜ անգամ ուզեցի նավակը ընկղմել, ցորենն էլ ու շահնային էլ ջուրը թափել, ինձ էլ հետը, բայց… այս անիծած կրծքի տակ սիրտ կա, խիղճ կա…
Եվ երկու ուժգին հարված տվեց կրծքին, որից դուրս թռավ մի խոր հառաչ։
— Իմ ձեռքս չէ՞…— շարունակեց նա,— ա՜յ, որ ղեկը այսպես դարձնեմ, ալիքները դեմ կգան ու կփշրեն ամեն ինչ։ Ո՞վ կիմանա… Ես էլ լողալով կամ կազատվեի կամ ոչ… շատ էլ մեկ ազատվելու պետք չունեի, կմեռնեի՝ այդ ավելի լավ էր… Բայց վերև աստված կա, որ դատում է մեզ, այստեղ խիղճ կա։ Ո՞ր մեկին ջրով անես, ո՞ր մեկի հավաքածը ջուրը թափես. ինչո՞ւ, դրանով կազատվե՞նք այդ անիրավներից… Այս ալիքները տեսնում ես. հավատացած եմ, որ եթե նավակիս միջի ոչխարները Մկրտիչ աղայինը՝ վաշխառուինը չլինեին և ինձ կամ գյուղացու պատկանեին, իսկույն նավակը շուռ կգար, կփշրվեր… Բայց անիրավ ապրանք է, և պիտի տեսնես՝ ողջ տեղ է հասնելու։ Մի պապիրոս չունե՞ս, վարժապետ…