Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շինեցի ու տվի։ Վառեց, բուռն շնչով մի քանի անգամ ծխեց և դեմքը խոժոռ, վշտերով ակոսված, լուսնի տխուր փայլի տակ՝ դեպի հորիզոնն ուղղած, մնաց լուռ ու մտախոհ…

Ու նավակը սլանում էր, ճեղքում սև ջրերը և ծփում մեծ ալիքների վրա…

1897

ԱՐՅԱՆ ԲԾԵՐ

1

Խնուսի լեռների մեջ, մի բարձրավանդակ կանաչ տափարակի վրա, գիներբուկների արմատը գգվող վճիտ առվակի եզերքին հանգչելու իջանք։

Մթնում էր։ Գարնանային ցուրտ երեկո էր։

Վերարկուները գետնի վրա տարածեցինք, չոր մացառներից խարույկ կազմեցինք ու պայծառ, բայց անլուսին երկնքի տակ ընկողմանած՝ քիչ շունչ առանք։

Հովիտ էր, բարձրավանդակ փոքրիկ հովիտ, որ իր մի եզրով գահավանդ էր կազմում դեպի դաշտը, իսկ մյուս բերանը բաց էր անում դեպի ահռելի անդունդ, ուր ջրվեժ աո ջրվեժ ոստոստում–վիժում էր գարնանային հեղեղներից մեծացած մի պղտոր գետակ։

Դեմ առ դեմ լեռը սանդուղաձև ելնելով մարում էր մշուշի մեջ. նրա կրծքի վրա, դեպի դաշտը կռացած՝ սևին էին տալիս անտաշ մանր քարերից բաղկացած շենքերի մնացորդներ, որոնք այժմ անտեր՝ փուլ էին եկել, գլորվել դեպի ցած ու քարադեզեր կազմել։

Այդտեղ էր ահա, որ հանգչել էինք ուզում։

Երբ քիչ տեղավորվեցինք ու հաց կերանք, մեզնից մեկը, որ սրինգ էր ածում, նստեց ու սկսեց նվազել։ Թիկն տված, հայացքս փուլ եկած շենքերի ավերակներին, լսում էի մելամաղձոտ գիշերերգը, որ խռպոտ հեկեկանքներով հայրենիքի աղետներն էր արտասվում, նրա թշվառությունը ողբում…

Իսկ լեռը, քանի գնում էր, ստվեր էր մեծացնում ու հովտի կեսը մթության մեջ առնում։ Երբեմն հեռվից լսվում էր բուի տխուր վայունը, ապա հանկարծ, դաշտի կողմից ականջիս էին հասնում հեռավոր անդնդային ոռնոցներ, որոնք քստմնեցուցիչ շեշտերով օդն էին պատռում։