խարույկը մի կողմի վրա պլպլում էր, ճաթճթում էր ու հետզհետե իջնում ու աղոտանում․ կչկչան առվակն էլ կարծես երբեմն լռում էր ու թաքնվում և երբեմն՝ շշուկով՝ դուրս նետվում-գալարվում դեպի հեռուն և իր հետքերի վրա մի տխուր մրմունջ տարածում…
Հանկարծ մեզ հետ վերցրած գամփռը սկսեց կատաղի կերպով հաչել և հարձակվել հովտի մութ կողմի վրա։
Սրինգը լռեց, ընկերս վեր թռավ և հրացան ի բռնի՝ առաջ գնաց գամփռի ետևից, իսկ մենք հեռացանք խարույկի լույսից և մթան մեջ սպասեցինք։
Ճանապարհի վրայից լսում էին ձայներ, ճիշտ կլիներ ասել՝ հառաչներ, լաց… կարծես մանուկներ էին, որոնք ճչում էին, աղիողորմ կերպով ողբում։
- Ո՞վ է այն, - կանչեց ընկերս։
Եկողները կանգ առան, ու լռություն տիրեց։
Մանուկներին՝ թվում էր, որ սաստում էին լռելու․ մինչ իսկ ձեռներով փակել էին ճգնում նրանց աղաղակող բերանը։
- Գյուղացիներ են, - ասաց ուղեկիցներից մեկը, - կին ու տղա ունեն հետները։
- Իսկ եթե քրդեր են և գյուղերից թալան են տանո՞ւմ, - առարկեց մի ուրիշը։
-Լույսի՛ եկեք, ո՞վ է, - գոռաց մեր գլխավորը, - լույսի մեջ եկեք, ապա թե ոչ՝ կհրացանեմ։
Այն ժամանակ խմբից բաժանվեցին մի քանի հոգի և առաջացան դեպի լույսը։
Գյուղացիներ էին, հայ գյուղացիներ, մեջքերի վրա կապած տոպրակներ, կքված նրանց տակ։ Գունատ էին, փոշոտ, մանավանդ ցեխոտ․ հազիվ կարողանում էին ոտքի վրա կանգնած մնալ։
- Յամա՜ն, աղաներ, - ձայնեց իսկույն նրանցից մեկը, - տեսնում եմ, որ հայ եք, թողեք այս գիշեր ձեր կողքին ցած ընկնենք, հանգստանանք։ Կոտորվեցինք քաղցից, հոգնությունից… սաղ օրը քայլում ենք։
- Ո՞ւր եք գնում, - հարցրի ես, - և որտեղի՞ց եք գալիս։
- Ես գիտե՞մ, - ասաց ծերունին և լռեց․ մյուսը խոսեց նրա փոխարեն։ Մի երիտասարդ էր խամրած աչքով և թույլ կեցվածքով, ուժ չկար վրան։
- Մենք էլ չգիտենք, - ասաց նա․ - ցածի գյուղերից ենք, գնում ենք այնտեղ, ուր մեզ չեն սպանի, չեն չարչարի։
Դաշտից էին, այն գյուղերից, որոնց երեկ էր, որ քրդերը այրել, կոտորել ու ավերակ էին դարձրել։ Խնուսի փշրված, արյունով կարմրած