Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժբախտ գյուղերից էին․ ո՞վ գիտե, գուցե միակ ողջ մնացածները, որոնք լեռներն էին ընկել հուսահատ ու հալածված…

- էլ բան չթողին, - շարունակեց խոսողը, - ողջ դաշտը արյունի մեջ է․ ամեն ինչ հիմնահատակ արին… եվ դեռ այրում էին, կոտորում…

- Ա՜խ, երանի մենք էլ մեռնեինք… - մրմնջաց ծերունին տխուր ու խոր հառաչով։

Մթան մեջ մնացողները տեսնելով, որ իրենց առաջնորդներին վնաս չենք հասցնում, իրենք էլ մոտեցան ու մտան լույսի մեջ, և այդ ժամանակ աչքիս ընկավ մի աղեխարշ տեսարանի վրա։

Ոտաբոբիկ ու կիսամերկ կանայք՝ ցեխաթաթախ ծնկներով ու շորերով, աղտոտ, մի-մի ծծկեր մեջքներին, մի-մի մերկ լակոտ էլ փեշերից կախ՝ գալիս էին ջրերի միջով։ կարծես անկողնից էին հանել այդ մերկ թշվառներին և քշել, ցեխն արել։ Ու մեջքի վրա մանուկները զնգում էին, քարշ եկողներն այլևս արցունք չունեին, հեկեկում էին, խուլ ձայներ արձակում, և նրանց ոտները, կպած քարերի և փշերի արյունոտվել էին, հոշոտվել, մարմիններն էլ բծավորվել, ցեխից սևացել…

Ահա և տղամարդիկ, անզեն, անգլխարկ, կիսամերկ, ցեխոտ ու արյունոտ, խլել են, ինչ որ կարողացել են՝ մի վերմակ, մի կապոց, մի բուռ հաց կամ ալյուր և մազապուրծ փախել կոտորածից։ Չեն խոսում․ ոչ ձայն է մնացել ոչ էլ սիրտ։

Պահ մի մտածեցի հարցուփորձ անել, տեղեկանալ, թե ինչ դրության մեջ է դաշտը, թե որքան էին հարձակվողները, ինչ թողին անավեր, ո՛վ կենդանի մնաց… բայց ավելորդ բան․ մի՞թե գուշակել դժվար էր։

- Ինչպե՞ս ազատվեցք, - հարցրի ծերունուն, երբ բոլորն էլ նստել էին։

- Հրաշքով… - մրմնջաց նա։ - Ճահիճն անցանք․ մինչև կես մեջք ցեխի մեջ, մութն էր՝ չտեսան մեզ… Ավտոն մնաց․ շատ էր խրվել, չկարողացավ ելնել… չգիտեմ ինչ եղավ…

- Իսկ գյո՞ւղը…

- Վառվում է… Կրակը մեծանում, գնդակները սուրում էին, ճիչերը մեզ հասնում… Կրակի լույսով տեսնում էինք փախչողներ, ընկնողներ, հարվածողներ… ու փախանք, սոսկումից ետ էլ չէինք նայում։

Տեղ տվինք նրանց մեր կողքին։ Ինչ որ ուտելու ունեինք, նրանց բաժին հանեցինք, ծակոցներ ճարեցինք կանանց ու մանուկների համար, և երբ միմյանց վրա թափած քնեցին, բոլորս տխուր էինք, լուռ ու ճնշված․ ամենքիս դեպի խոր՝ Խնուսի դաշտն էին նայում, ուր մի անորոշ կարմիր լույս լուսավորում էր հեռավոր տարածությունը և ուր, ով գիտե, այդ պահուն որպիսի՜ հրդեհ կար, որքա՜ն դիակ, որքա՜ն արյուն…