Եվ երբեմն այդ տիրող լռության մեջ, արյունալից խորքերից անդնդային սրտապատառ աղաղակներ էին հասնում մեր ականջին, որոնք թրթռում էին օդի մեջ և որպես մշտատև, բայց անօգուտ բողոք՝ գնում էին մարելու երկնքի խորության մեջ…
2
Երկու օր հետո դաշտ իջանք, հալածվածներին դրինք մի ճանապարհի վրա և մենք գնացինք ուրիշ ճանապարհով։ Ստիպված էինք այդպես անել։
Հետո կտրեցինք երկիրը, անցանք ծխացող, ավեր գյուղերից․ մեր քայլերի առաջ, մեր անցքերի վրա շատ տեսանք եղկելի խմբեր, որոնք սոսկումը կրծքերում փախչում էին ցանուցրիվ, խուսափում ընդհանուր սարսափից՝ կորցրած ինչքը, սիրելիները, կորցրած խելքն ու միտքը։
Մի ամբողջ ամիս ուրիշ ոչինչ չէինք տեսնում, մեր ջղերը սկսել էին միշտ նույն սոսկումներով շարժվել։ Ինձ վրա այնպես ցնցող ազդեցություն էին թողնում այդ տեսարանները, որ կորցրել էի հանգիստ, ախորժակ, քուն և խոսելու կարողություն ու գնում էի դիակների միջով, քայլում արյունի մոտով, փլատակների կողքով՝ որպես երազի մեջ…
Բայց ահա վերջապես սահմանագլուխը, որից հետո այլևս շունչ էի առնելու։ Ուրախ, որ ազատվել էի այն բոլոր տեսարաններից, մի տեսակ հաճույքով փաթաթվեցի վերարկուիս մեջ և վերջին գիշերը պատրաստվեցի անցկացնել այդ սպանդանոցային երկրի հողի վրա։
Հազիվ թե աչքերս փակել էի և թեթև կերպով ննջել, որ մի նոր ուժով պատկերացան մտքիս մեջ բոլոր տեսածներս՝ հավաքված, միմյանց կցված ու թափորի պես անցնելով առջևիցս…
Գիշերը մութն էր ու լուռ։ Ցածում միայն, լեռան ստորոտի մոտ գտնվող շամբի եղեգներն էին շշնջում թախծալից և մեկ-մեկ էլ մի ինչ–որ գիշերային թռչուն՝ պատռում էր օդը և նրա բարձունքներում մի սուր խազ նետելով սլանում – անցնում։ Շուրջս տարածված քնում էին ընկերներս սև կույտերի նման, իսկ գլխավորը գլուխը դրած մի քարի վրա, հրացանը գրկած և ծածկված գիշերային խոնավության դեմ՝ անձայն ննջում է։
Քնել չէի կարող այլևս, կոշմարը գրգռել էր ինձ, և ականջիս միջից չէր կտրվում ցնցող ողբերի հիշատակը։
Եվ ահա հանկարծ, այդ լռության և ամայության մեջ կարծեցի լսել մի ճիչ, որ նմանում էր մանկան լացի։ Ակամա դարձա։ Ձայնը ավելի պարզ լսվել սկսեց, սուր շեշտի բարձրացավ ու մեկեն լռեց: ֊