օրը, գիշերը, զուռնան առաջները քցած, գինին ջրի պես խմելով, սաղ ասելով հոգիներս հանեցին…
— Յանի գա քե՞զ ինչ,— ավելի բարկացավ վարժապետը,— կարա՞ս, դ՛ու էլ արա, ո՞վ ա ձեռքդ բռնել… է՞դ էր, դրա՞ համար էիր փրփրել… Տեսնո՞ւմ եք, ա խա՛լխը, հիմիկանց դենն առանց քյոխվի իրավունքի քեֆ անելն արգելված ա… վե՛ր, վեր կաց, գնա քնի… շա՛շ…
Ասաց, արհամարհաբար թևերը շարժեց, ճղեց բազմությանը և գնաց դարձյալ իր «տաման» շարունակելու։
Մութն սկսում էր կոխել այդ միջոցին։ Երեք խանութներում էլ ճրագները վառել էին, իսկ բազմությունն ավելանում էր հրապարակի վրա։ Երևում էին օտար գյուղացիներ էլ, որոնք հյուր էին այդտեղ։
Ավելի շատ, բնականաբար, Գալոյի «մագազինի» առաջն էին գալիս կիտվում։ Որովհետև, չնայելով, որ վարժապետի կտրուկ վարմունքն ու խիստ շեշտերով ծաղրը հանկարծակիի էր բերել քյոխվին, սակայն նա բուռն կատաղությունից մի րոպե կարկամած մնալուց հետո մեկե՛ն ոստնեց, նախ մի քայլ արավ դեպի վարժապետի կողմը, ապա դարձավ, իրանը ետ ծռեց, ոտների վրա լարվեց, բռունցքով մի հարված տվավ կարտուզին և ճչաց.
— Ո՞նց թե «շաշ»… ո՞նց թե «գնա քնի»… բա ես մարդ չեմ, թե պռատակոլ[1]… ցեպս, ցեպս ո՞րդի ա…
— Հա՛֊հա՛֊հա՛ …— քրքջաց Գալոն ,— ա՛յ թե զլեցին քեզ հա՜, քյոխվա… Արի, արի նստիր… Տո դու ո՞ւր ես նեղանում, որ ջահելները քեֆի են ու քեզ չեն կանչել…
— Ախր էդ չի է՜ է՜, Գալո՛ ամի,— համարձակվեց միջամտել գզիրը, - էդ չի՛… Ո՞վ ա նրանց բան ասում…
— Ձենդ կտրի, լպստա՛ծ… քո ինչ բանն ա.— կանչեց քյոխվեն,֊ թող հլա մի տեսնանք էն ո՞ր հարամզադեն էր ինձ «շաշ» ասողը… վարժապետ ես, ի՞նչ զահրումար ես, հլա մեկ գետն արի…
— Դե՛ ձե՛նդ, ձե՛նդ…— կանչեց կանացի ձայնով, սյունի մոտ կանգնած մի կարճահասակ ծերունի,— տեղդ վեր ընկի, քու բերնին չի ընկել տերության վարժապետին…
— Էդ ո՞վա, էդ ո՞ր…
— Ես եմ… վարժապետի հերն ա..․ տեսնում ես էս չոմբազը… բան
- ↑ Տեղեկագիր։