Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոստնեցինք առվի վրայից և մոտեցանք պարտեզին։ Հիրավի, լեռնադաշտի ո՛չ մի գյուղում չէի տեսել այդքա՛ն խնամքով և ճաշակով շինված պարտեզ: Զարմացած կանգ առանք մեծ, բաց դարպասի առաջ։

— Օհո՛,— գոչեց Հակոբը,— սա ի՛նչ սիրուն պարտեզ է, կարծես մասնագետի ձեռքի գործ լինի։

Վանդակաձև մեծ դռան կողքից ձգվում էր ավազածածկ մի լայն ծառուղի դեպի ներս։ Պարտեզն ամբողջ նախ շրջապատված էր փշախիտ ցանկորմով, իսկ հետո՝ առած ուռիների շրջանակի մեջ: Ապա անասունների մուտքը լիովին արգելելու համար՝ պարփակված էր լայն խրամով: Յուրաքանչյուր թիզ հողը ներսում մշակված էր ու մաքրված։ Անտառից բերած վայրի խնձորենիների կոճղերի վրա պատվաստած ընտիր ճյուղերն այժմ լավ բռնել էին և ծաղկել, մի կողմը - կեռասենիք, սալորենիք, մի ուրիշ գծով՝ արքայամորու բազմաթիվ թփեր, վարդենիներ. ավելի ցած՝ լոբիի ցցերը զինվորների պես կանոնավոր շարքերով՝ կանաչ էին կապել, իսկ նրա առջևում, գետնախնձորի մաքուր ու լավ ակոսներ, ցույց էին տալիս ամենալավ տեսակի տունկեր։

Ինչե՜ր ասես չկար, ընդեղեն, կաղամբ… Ու այդ բոլորը շատ կանոնավոր տեղավորված մաքուր մարգերով, ո՛չ մի փուշ կամ քար։ Գինձի մարգի մեջ կուչ եկած քաղհանք էր անում Գրիգորը։ Կուզ ու կարճ մի ծերունի, որ մեր ձայնը լսելով՝ դարձավ նայեց, հետո ոտքի ելավ քաղհանը ձեռքին։

— Բարև՛, ծերունի՛։

— Աստծու բարին… էս ո՞նց էլավ, պ. Երվանդ, որ եկաք բաղս տեսնելու… Համեցե՛ք։

— Դրացի ենք գրեթե,— ասացի ես,— չգիտեի, որ այսքան մոտիկ, այսպիսի գեղեցիկ պարտեզ կա. իմ պարտեզը սրա մոտ անապատ է…

— Ըտենց ա,— ժպտաց ծերունին,— ուրիշի ձեռքով արած բանը բա ի՞նչ պիտի ըլի. մարդ իրա՛, իրա՛ ձեռքով պիտի շինի, իրա՛ քրտինքը պիտի թափի հողի վրեն…

— Բայց մի՞թե այս բոլորը քո՛ իսկ ձեռքով, քո՛ քրտինքով ես շինել ու մշակել. հը՞, ծերունի,— հարցրեց տաքությամբ Հակոբը։

— Հա՛…— արեց ծերունին բավական համարձակությամբ,— բաս ուրիշ էլ ո՞վ ունեմ։

— Ղո՛չաղն ես եղել,— դիտեց Գևորգը ծաղրով,— լա՛վ էլ այգեպան։

— Կանես՝ կսովորես… Ճշմարի՛տ ա, էս բոլորը, ասած կլինի