ընենց ֆանդով բանտիդ պատը ծակես, օդ ու արև զափթես, որ չմեռնես- դու կըլես գո՞ղ…
— Ո՛չ իհարկե. ամեն մարդու իրավունքն է ապրելը, հետևապես իրավունք՝ օդից ու արևից վայելելը։
Մելիքը, չնայելով որ ես ակնարկս դեմքին ուղղած՝ սպասում էի, ոչինչ չասաց. միայն մի քմծիծաղ տվավ և սկսեց պապիրոս ծխել:
Հետո, երբ մի րոպե լռություն էր տիրում, դարձավ կողքին ցցված Թևոսին ու ասաց.
— Ադա, Թևո՛ս, քա՞նի ջան օղլուշաղ ունես։
— Հինգ, Մելիք, հինգ ջան։
— Քանի՞ օրավար հող ունես։
— Սկի՛, քանի՞, երկու օրավար, մեկ էլ մի պստիկ, բռանս չափ բաղ, մեջը մի երկու բալի ծառ։
— Քա՞նի կոտ ցորեն ես կալսում։
— Գի՞ժ ցորեն։
— Հա՛, հենց գիժը…
— Տարին գիտա… շա՛տ քիչ…
— Բա ո՞նց ես ապրում, օղլուշաղդ կերակրում։
— Լոբի ենք ուտում, խոտ, բանջար… գիժ հացն էլ՝ էն ա մեզ սպանում ա… թե բանելու գործ էլավ, մի կերպ յոլա ենք գնում, քաղցա՜ծ, սովա՜ծ…
— Հիմա՛ր ես, ընդուր… — վերջացրեց խստությամբ Մելիքը և դարձավ ինձ նայեց։
Ահա այդ իսկ միջոցին էր, որ ցածից լսվեց անիվների դղրդյուն, և մի երկար կառք, մեջը լիք պաշտոնյաներ, ռուս կանայք, երեխաներ՝ եկավ ու սլանալով անցավ մեր կողքից։ Կանանց ու երեխաների քրքիջը, տղամարդկանց ուրախ ծիծաղներն ու երգերը սփռվեցին կառքի անցած ճանապարհի վրա և անլսելի դարձան միմիայն 5—10 րոպե հետո, երբ այդ բոլորը ծածկվեց անհետացավ եղևնիների ետևում։
Մելիքը, որ կառքը տեսնելուն պես վեր էր թռել և գլխարկը հանել գլխաբաց մնաց մինչև անհետանալը։ Հետո դարձավ ինձ, ծածկեց գլուխը, նստեց ու ասաց.
— Լեսնիչին էր… քեֆի են եկել… Լավ ա, որ երեկ խաբար էին տվել, մեկ ոչխար ղրկել էի աբեշչիկին…