Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վա՛րդոն ա,— հաստատեց Սմբատը,— էն էլ Ոսկանն ա որ կա… է՛ս ո՞նց ա ըլել, որ իրար հետ են…

— Այդ ի՞նչ Վարդո է,— միջամտեցի ես,— այն, որ ասել է, թե ձեր պլանը կեղծ է, և դուք լեսնիչի օգնականին կաշա՞ռք եք կերցրել։

— Հա՛, հենց էն ա,— ասաց Զաքարը,– մածուն ուտող Վարդոն…

— Թող գա մեկ է՛…— ոտքի ելավ քյոխվեն,— միրաոյ պասրեդնիկի առաջը չուզեցի նրան մեկ լավ ուշունց տամ… ըստեղ էլ խո պրիցուտվենի[1] տեղի չի՞…

— Ադա՛, ամո՛թ ա,— մեջ մտավ երեցփոխը,— տե՛ղդ նստի, ո՛րդի, ղոնաղը որ թշնամիդ էլ ըլի, պտի պատվես՝ երբ սուփրիգ վրա ա գալիս։

— Տո ի՞նչ պատվել, ի՞նչ զադ,— բարկացավ Զաքարը,— նա ո՞ւմ շունն ա, որ ասի թե մեր պլանը սուտ ա…

— Յա թե չէ՝ մենք լեսնիչին կաշառք ենք տվել…— ավելացրեց Նիկոլը,— որ ուսում առած, կարդացվոր ըլի, մեր գլխին նստի՞…

— Ադա , կարդա՞ցվորս որն ա,— ճչաց Ջավադը,— քի՞չ ենք կարդացվորներ տեհել… յա թե չէ հենց մենք, պակա՞ս կարդալ-գրել գիտենք…

— Տո փո՜ւչ,— կանչեց երեցփոխը նեղացած,— քո դուշմանն ա, քեզ հետ հմի նա դավի[2] ունի, դու ավե՛լի պտի նրա հետ քաղաքավար ըլես… Լսողը ի՞նչ կասի, տասը հոգով նամարդի պես վրա եք տալիս…

— Ղո՛րթ ա ասում ամին,— պնդեց Գրիշոյենց Մուկուչը,— մի՛ անպատվեք ղոնաղին…

— Նստի՛, քյոխվա՛,— ձայնեց երկարավիզ Գևոն,— նստի՛, ամոթ ա. թող գալիս ա՝ գա. թե ինքը ձեն չի տա՝ դու էլ բան մի՛ ասի…

Քյոխվան, որ ելել և մի քայլ առաջ էր գնացել, չկարողանալով զսպել իրեն, թեև չսկսեց հայհոյել, սակայն կանչեց հեռվից.

— Էս յանի ո՞նց էլավ, Վարդո՛, որ սուտ պլան ունեցողների սուփրի վրեն ես գալիս…

Ու երկու ոտքի վրա լարված. աքաղաղի նման կռվի հրավերը կարծես նետած, ձեռքերը մեջքին կանթեր և սպասեց, որ եկողները մոտենային:

Վարդոն անշուշտ լսեց, հասկացավ գրգռիչ հրավերը, բայց լուռ՝ շարունակեց մոտենալ և երկու քայլ հեռու կանգ առավ։

Ոսկանը մոտ եկավ, քայլելիս կանչելով հեռվից։

— Փո՛ւհ ձեզ ի՞նչ ասեմ… Ադա՛, բաս ընդեղ հերիք չէր ձեզ, որ ըստեղ էլ սուփրա եք սարքել։

  1. Պետական պաշտոնատուն, աղաղակված պրիստուտվեննիյ բառից:
  2. վեճ