Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարմնով ամեն րոպե պատրաստվում էի քնելու, երբ հանկարծ մի խշրտոց լսեցի գլխիս վերևում, և մեղմությամբ վրաս իջնող թմրությունը անհետացավ վայրկենապես։

Սաստիկ զայրացած ու ջղայնացած շտկվեցի՝ տեսնելու համար, թե ի՛նչն էր այն գարշելի պատճառը, որ մի անգամ ևս վրդովում էր հանգիստս և, ինչպես միշտ, քնելու մոտ եղած ետին րոպեին գալիս էր տքնության մեջ նետելու ինձ։

Մի աղջիկ էր այն։ Մոխրագույն պարզ շրջազգեստ և բաց վարդագույն բաճկոն հագած մի կին, որ ձեռքին հաստ գիրք ուներ, իսկ գլխի վրա ծածանում էր երկու ծայրերը բաց թողած մետաքսյա նուրբ շալը։

Իջնում էր արահետով։ Արահետ, որ հեռվից էր պարզվում դեպի այդ կողմը։

Ուղղվելուն պես՝ երկուսիս ակնարկները հանդիպեցին միմյանց։

Աղջիկը կանգ առավ վարանած։ Չէր կարծում պատահել այդտեղ մեկին։ Երևի կարդալու էր գալիս· իր մենավոր անկյունն էր, որ պատահմամբ բռնել էի ես։

Սիրուն աղջիկ էր։ Շեկ, կապուտաչյա և ոսկեգույն մազերի գողտրիկ սանրվածքով։ Կամ ռուս պիտի լիներ և կամ ավելի շուտով՝ գերմանուհի։ Չնայելով սիրունությանը, դեմքի վրա կար ինչ֊որ տխուր, մռայլ ստվեր։ Ժպիտի ո՛չ մի նշույլ, ոչ էլ ծիծաղկոտության բնորոշ խորշոմներ։ Ընդհակառակն, ճակատի տակ, հոնքերի միջոցը ակոսված էր երկու ուղղահայաց խոր գծերով, որոնք դեմքին տալիս էին խորհողի և զննողի կերպարանք։

Շատ մոտ չէր, և այդքանը հազիվ կարողացա տեսնել մի ակնարկով. մանավանդ որ աղջիկը երբ տեսավ ինձ, պահ մի վարանած կանգ առավ, հետո դարձավ և հանդարտ ու վես քայլերով, առանց ետ նայելու՝ գնաց։

Գնաց, հասավ վեր, քայլեց նույն ծանր շարժումներով ավելի հեռու, և քիչ հետո շրջազգեստի վերջին ծայրն էլ ջնջվեց բարձրության վրայից։

Քունս փախել էր այլևս։ Ճշմարիտ է, բուռն զայրույթս և քնել չկարողանալու սովորական ջղայնությունս շա՛տ ավելի մեղմացել էին, որովհետև, որքան չլիներ՝ պատճառը մի օրիորդ էր, մի սիրուն կին, սակայն այլևս չկարողացա վայելել dolce far nite[1], որին այնքան անձկությամբ ձգտել էի։

  1. կյանքի հոգսերից մեկուսանալու (բառացի՝ ոչինչ չանելու) հաճույքը (իտալ.)