ցրվեցեք և (սրատեցեք ձեր ամուսիններին՝ խելոք մնալ… Ես միշտ բարի, բարի եմ եղել դեպի ձեզ. էլի կլինեմ, ինչ որ կամենում եք, կկատարվի, իմ կալմակամական խոսքս թող վկա լինի…
— Կեցցե մեր կայմակամը,― գոռացին շատերը ամբոխից։
Կայմակամը սիրտ առավ, ճակատի քրտինքը սրբեց և դառնալով դեպի դուռը՝ նայեց պահված քյաթիբին։
— Կարծեմ լավ խոսեց․ չէ՞, քյաթիբ։
— Այո՛..․ բայց դեռ չեն գնում… հորդորեցեք, բեյ, հորդորեցեք, որ ցրվին։
— Այո, դեռ չեն գնում,— նորից վախեցած՝ ամբոխին նայեց կայմակամը,— և ինչ֊որ փսփսում են… քյաթիբ, հանկարծ մի գնդակ չուղարկե՞ն ինձ…
Ու ետ քաշվեց դեպի դուռը։
— Ո՞ւր եք գնում,— գոչեց քյաթիբը,― ի սեր աստծո, տեղներիցդ մի շարժվեք, խոսեցեք, ժամանակ շահեք, մինչև հանդարտեն… հորդորեցեք… բայց բոշաները սկսում էին հանդարտել, կայմակամի խոստումը մեղմացրեց նրանց, և այժմ խորհուրդ էին անում ցրվելու։
— Հա,— խոսեց կայմակամը նորից առաջանալով,— քույրիկներս, ասեք տեսնենք, ի՞նչ է ձեր ուզածը…
— Այդ չէ, այդ մի հարցնեք,— թելադրեց դռան միջից քյաթիբը խռպոտ ձայնով։
— Այսինքն,— շփոթվեց կայմակամը, — այսօր լավ կանեք դեռ ցրվեք, հետո մի քանի մարդ կուղարկեք ինձ մոտ և ձեր ուզածը կհայտնեք… այդպես լավ է․ այո, դեհ երթաք բարով, քույրերս, ցրվեցեք և թողեք, որ գնամ առավոտյան աղոթքս անեմ…
Այն ժամանակ կանանցից զատվեց մի երկարահասակ, շահել և սիրուն դեմքով կին ու առաջ եկավ։ Նրան հետևեցին երկու ուրիշ մատաղահաս կանայք էլ և այդպես՝ երեքը միասին, ետևից ունենալով մի տղամարդ՝ կանգ առին ճիշտ պատշգամբի տակ։
— Բեյ էֆենդի,— խոսեց երկարահասակ գնչուհին ,— մեր ուզածը շատ բան չէ։ Մեր կամքի հակառակ պաշտոնանկ արիք մեր մյուդիրին և փոխարենը դրիք մի անպիտանի, մի շան, որի անիրավություններն այնքան շատ են, որ սյուն դառան՝ երկնքին հասան.. Մեզ տանջում է, մեր տունը քանդում, մեր կանանց, աղջիկներին անպատվում… էլ կյանք չունինք մենք… բողոքում ենք և խնդրում, որ դուրս ձգեք այդ մյուգիրին և իրավունք տաք, որ ուրիշին ընտրենք և որին որ մենք ընտրենք — հաստատեք իսկույն։