Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կայմակամը ապշեց, չէր սպասում այդքան էժանով պրծնել։

— Ի՞նչ,— գոչեց նա ուրախությամբ,— միայն ա՞յդ է ձեր ուզածը. ուրախությամբ, քույրերս, ամենայն ուրախությամբ… Տեր մյուդիրը պաշտոնանկ է այս րոպեիս… դեհ, ցրվեցեք և գնացեք ընտրեք մեկին, որ վավերացնեմ, դեհ, խելոք զավակներս, ցրվեցեք…

— Մենք արդեն ընտրել ենք մեր նոր մյուդիրին, բեյ,— կանչեց գնչուհին,— Սարոյենց Խեչոյին կուզենք…

— Այո, այո,— ձայներ ամբոխը։

Հայց հանկարծ, երբ մի ակնթարթ լռություն էր տիրում, ետևի կողմից մի ձայն բարձրացավ, որ ասում էր.

— Ոչ, ոչ, Կարապետին, Մարկոսենց Կարապետին կուզենք։

— Այո, այո,– արձագանք տվին մի քանի տասնյակ ձայներ,– Կարապետին կուզենք։

Գնչուհիներն ու առաջ կանգնած բոշաները ապշած՝ դարձան և զարմացան, թե որտեղի՞ց է գոյացել այդ կուսակցությունը, որ կամենում էր Կարապետի պես մի թույլ, գրեթե հիվանդ անձի մյուդիր ընտրել։

— Ի՞նչ եք ասում, ծո,— ոռնաց մի բոշա այդ նոր կուսակցության,֊ խևցա՞ք…

— Խևը դուք եք,– ձայնեց ետևից մեկը,— մենք Կարապետին կուզենք։

— Այ չոռ ու ցավ ուզեք, ախմախներ…

— Չոռ ու ցավը դուք ուզեք…

Եվ կռիվ ու վեճ սկսեց, մի խառն, զզվելի աղմուկ լցվեց հրապարակը։ Բոշաները սկսեցին խմբերի բաժանվել, վիճել, մինչև անգամ իրարու ծեծել և հուսկ ուրեմն բոլորովին ցրվել։

Կայմակամն էլ էր ապշել և պատշգամբի վրա կանգնած դիտում էր այդ տեսարանը։ Քյաթիբը ըմբռնեց բանը ինչում լինելը և ուրախությունից սկսեց ձեռքերը շփել ու դուրս եկավ թաքստոցից։

— Այժմ վտանգն անցավ բոլորովին,— ասաց նա,– այդ գյավուրները մեր ձեռքն են։

— Մյուդիրը ո՞վ է սակայն,— հարցրեց կայմակամը,— որի՞ն ընտրեցին։

— Ոչ ոքի, Արթենը նույն պաշտոնի մեջ կմնա, իսկ դրանց ուժը այժմ մեր ձեռքումն է…

Կայմակամը հոգնած՝ ներս քաշվեց, և երբ քյաթիբը մենակ մնաց․ կանչեց զափթիեների սպային պատշգամբը․ ձեռքով ցույց տվավ հեռացող բոշաներին և ասաց.