Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՜։ Ողջ Բասենը ծախու հանես այժմ, դրա կեսը ավաղ չի լինի… Մերոնցից էլ Սերգոյին բռնել են ու տարել։

— Ահ…— լսվեց ամեն բերնից։

— Ի՞նչ են ուզում մեզնից,– կանչեց մի ծերունի՝ մռայլ դեմքով. բոշան ի՞նչ ունի, որ ի՞նչ տա։ Ոչ հող ունի նա, ոչ տուն և ոչ կայք…

Խաթ-Սաբան ցուպը ոտքերի մեջ առավ, պահ մի սրա-նրա երեսեն նայեց, շոյեց իր կողքը բռնող գամփռին և դառն ժպիտը դեմքին՝ ասաց.

— Երևի մեր ցնցոտիներն էլ մի բան արժեն… Գուցե մեր տավարներին են աչք դրել… Հող չունինք, բայց ուտելու մի կտոր հաց կա… Սերգոյին բռնել են, ոտներն ու ձեռները կապել, մի խրճիթ են գտել ու զանզաղցոց հետ փակել այնտեղ… Մենք հեռանալ այստեղից չենք կարող, մինչև Սերգոյին չազատենք… Մեր մնացող ընկերներն էլ չեն երևում։ Վախենում եմ, որ նրանց էլ դաշտում բռնած լինեն։ Ես դաշտից եմ գալիս։ Որոնեցի և չգտա… Ըստ երևույթին, լոմերը ստիպված պիտի լինեն իրավի լոմ-Հասանի կռիվները պատմ՛ել միմյանց ու նման կռիվների պատրաստվել… Խաթ-Սաբան մտադիր չէ որևէ տավար կամ նույնիսկ ցնցwտի տալ բեգին… Լոմ-Հասանի սովորեցրել է լոմերին, որ հողը աստծունն է, նրա արդյունքը՝ արդյունաբերողին միայն, աշխատողի արդյունքը նրա ձեռքից խլելու ոչ ոք իրավունք չունի… Այս օրենքը աստվածային է… և եթե լոմը այժմ թափառական է, պատճառն այն է, որ նրան ստիպում են լինել այդպես։ Լոմ-Հասանը սովորեցրել է մեզ երազել հող. հող ունենալ, վարել, ցանել ու Հնձել և ոչ թե մուրալ… Լոմը դեռ ոչ տեղ ունի և ոչ հող։ Վա՜յ մ՛եզ, վա՜յ։ Բայց և վա՜յ նրան, ով լոմի աշխատանքը կխլի։ Խաթ-Սաբան դեռ չի մեռել…

— Մենք միակ չենք թողնի քեզ, Խաթ,— ասացին մի քանիսը։

— Գիտեմ, տղերք. ո՞ր լոմը այնքան ստոր կլինի, որ մեջքը իր ընկերոջ մեջքին չտա և չօգնի նրան թշնամու դեմ…

Հետո ոտքի ելավ, ցուպը ուսին դրեց ու ավելացրեց.

— Իսկ առայժմ, տղերք, դաշտից մեր վառած կրակները երևում են. արդեն գիտեն, որ այստեղ մարդիկ կան։ Բեգի հարկահանները մարդ են փնտրում, որ տուրք առնեն… Անշուշտ կգան այստեղ էլ… թող ուրեմն մի քանի հոգի առնեն մեր տավարներն ու լեռների խորքը տանեն… Առանց տավարի եթե մնացինք, գուցե կարողանանք առանց կռվի, խաղաղ կերպով համոզել այդ գայլերին, որ մեզնից առնելու ոչինչ չկա…

Մի քանիսները կասկածանքով թափահարեցին իրենց գլուխները:

— Իհարկե,– ասաց մի ծերունի.— թող տավարները հեռացնեն. դա խելոք բան է: