Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վիրավորանքը։ Հետո զայրույթից կարմրեց և բուռն ուժով թասը նետեց Հեռուն ու ինքն էլ ոտքի ելավ։

Այնքան սաստիկ էր նրա բարկությունը և շարժումները, որ գամփռը սկսեց մռմռալ, իսկ հարսը վախեցած մի ճիչ արձակեց ու ետ քաշվեց։

— Մարդ,— ասաց նա ամուսնուն,— ինչո՞ւ ներս թողիր սրան. հիմա տղաներիս մեկը կտանի կամ մի բան կգողանա։

— Կնիկ…— որ որոտաց Մարտոսը սոսկումով,— կտրիր ձայնդ։

— Ոչ, ինչո՞ւ,– ասաց Խաթ-Սաբան, որ արդեն զսպել էր իրեն և ցուպին կռթնած՝ դառն ժպիտ դեմքին ու գունատ՝ նայում էր հարսին.– Ոչ, թող որ բոլորը ասի… Ասա, սիրուն հարսս, էլ ի՞նչ կարող ես ասել բոշաների մասին։

— Դուրս գնա,— ճչաց հեռվից հարսը,— մարդուս խելքին ասա, որ քեզ ներս թողեց։

— Այդ ռչինչ, հարս,— ժպտաց Խաթ-Սաբան.— եթե մեղքս միայն այն է, որ բոշա եմ, ուրեմն բոլորս էլ մեղավոր ենք, որովհետև, ինչքան կամենաս չլինել, բայց դու էլ բոշա ես, այս մարդդ էլ, որդիներդ էլ։ Ուրեմն, եթե ես տղա փախցնող ու գող եմ, դուք էլ նույնն եք…

Հետո, լիովին հանդարտված՝ նստեց դարձյալ և դարձավ որդուն.

— Բայց,— ասաց նա չափելով նրան ոտքից մինչև գլուխը,— ասա տեսնենք, տղաս, գուցե դու էլ չես կամենում բոշա լինել, հը՞… դո՞ւ էլ այնպես ատում ես ցեղակիցներիդ, ինչպես կինդ ու որդիներդ…

— Ե՞ս…— թոթովեց Մարտոսը,— ինձ համար բոլորն էլ մեկ են. բոլորն էլ մարդիկ են…

Խաթ-Սաբան հեգնությամբ նայեց որդուն, ծիծաղեց նրա շփոթության վրա, հետո մեկեն դարձավ հարսին և ժպտուն՝ ասաց.

— Իրավ, հարս, մոռացա քեզ ասելու, որ ամուսինդ իմ որդին է, իմ հարազատ որդին, դու իմ հարսն ես և որդիներդ էլ թոռներս… Ամենքդ էլ բոշաներ ու շատ մաքուր բոշաներ…

Իբր պատասխան դրան, թոռներից մեկը, որ պահվել էր մոր ետեվը, հանկարծ գլուխը դուրս հանեց նրա թևի տակից, միջահատեց տատի խոսքը և գոռաց.

— Շուն բոշա…

Խաթ-Սաբան ցնցվեց և կծկվեց։ Կարծես մի մեծ քար էր գլխին ընկնողը։

Շշմելու վայրկյանը սոսկալի էր։ Հետո, երբ ընդհանուր քարացումն էր, ծանր, կքված՝ ոտքի ելավ նա, կնճռալից ու թախծոտ՝ առավ ցուպը, մոտ գնաց որդուն ու ասաց խստությամբ.