Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Գնում է դեպի դուռը, այնտեղ կանգնում է և դառնում): Բայց տե՛ս, էլի՛ եմ ասում, Սա՛շա, խնայի՛ր գոնե ծնողներիդ և… հետո Թերեզային… Ինչո՞վ է մեղավոր խեղճը, որ ամբողջ օրը լաց լինի, ողբա… (Ուզում է գնալ

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հուզված՝ վազում է դեպի նա)։ Թերեզա՜ն… Դուք նրան տեսա՞ք… Ասացե՛ք…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Կանգ է առնում)։ Երե՛կ տեսա: Խե՜ղճ աղջիկ… Այնքա՛ն լաց է լինում, այնպե՛ս նիհարել է… Անխի՛ղճ պիտի լինել նրան այդպես տանջելու համար… Բայց, այլև՛ս ես գործ չունեմ, եղբա՛յր… մնա՛ք բարև… (Գնում է

ՍԱՀԱԿ.— (Ալեքսանին՝ մեղմ, հանդիմանական): Արածդ ինչի՞ նմանեց, Սա՛շա. Մատվեյ Եգորիչին էլ նեղացրիր… Լսեցի՞ր Թերեզայի հալը… Ախր մարդը խո քեզ վատություն չի՛ անում, քեզ խո չի՞ նեղացնում…

ԱԼԵՔՍԱՆԴՐ. — (Խիստ հուզված)։ Լռի՛ր, հա՛յր… Թանկ է նստում ինձ իմ ուսումը, իմ սովորածները…

6) Նույնք և Թերեզա

ԹԵՐԵԶԱ.— (Որ սրահի դուռը բաց է արել մեղմությամբ. առաջ է գալիս. նիհար է և գունատ)։ Թույլ կտա՞ք ինձ… (Ընկնում է դռան կողքի աթոռի վրա

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Վազում է դեպի նա)։ Թերե՜զ…

ԱՐՇԱԿ.— (Միաժամանակ): Հը՛մ… տարօրինա՛կ է այս:

ՍԱՀԱԿ.— (Միաժամանակ)։ Վա՜հ…

ԹԵՐԵԶԱ.— Ոչի՛նչ, հոգնած եմ միայն… Վազե՛ցի… Քեզ հետ առանձին խոսել եմ ուզում, Սա՛շա…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հորը)։ Հա՛յր… (Արշակին)։ Մի քանի րոպե… Սպասեցեք ինձ սրահում։

ԱՐՇԱԿ.— Ես կգնամ, հետո կգամ։

ԹԵՐԵԶԱ.— Ո՛չ, ինչո՞ւ… երկար չի լինի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Արշակին)։ Խնդրեմ… սպասեցեք ինձ հորս հետ… կկանչեմ ես ձեզ… (Կիսովին գրեթե գրկել է Թերեզային

ԱՐՇԱԿ.— (Մի նշանակալից ակնարկ է ձգում Ալեքսանի վրա, և Սահակի հետ դուրս են գնում