Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քեզ չե՛մ կարող… Ո՛ւժ չկա… (Թուլացած՝ գլուխը դնում է նրա կրծքին։ Քիչ հետո հանկարծ, բուռն կերպով գրկում է Սաշային և գրեթե չոքում նրա առաջ)։ Սա՛շա, հոգի՛ս… Իմ էությունն ամբողջ, իմ հոգին, իմ սիրտը լիովին՝ ոտքերիդ առաջն է. կոխի՛ր, կոխի՛ր նրանց, միայն թե մի՛ հեռանա ինձնից… չե՛մ կարող…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հուզված կռանում է դեպի նա)։ Թերե՛զ, վե՛ր կաց… Բայց ես չե՛մ հեռանում. ես կուզեի մի՛շտ, մի՛շտ քեզ մոտ, երբե՛ք քեզնից հեռու…

ԹԵՐԵԶԱ.— (Տանջվելով)։ Ո՛չ, ո՛չ այդպես… Դու գնու՞մ ես, այդ ես զգո՛ւմ եմ… Գնում ես ավելի, միշտ ավելի հեռու, օրեցօր հեռանում ես… Եվ գուցե այսօր, գուցե վաղն իսկ՝ երկաթե դուռն արդեն, սպառնագին, կանգնի երկուսիս միջև… Եվ այն ժամանակ… այն ժամանակ ուժ չե՛մ ունենա այլևս ապրելու… (Հեկեկում է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ջանալով բարձրացնել նրան): Հանգստացիր, Թերեզ, ի՛ սեր աստծո, այդ ինչե՞ր ես ասում… Քո ձեռքը չէ՞ անցնելն՝ այդ պատվարը կոխելով…

ԹԵՐԵԶԱ.— (Ցնցվելով ելնում է, քիչ հեռու կանգնում և խիստ)։ Այդ պատվարը՝ մեր ընտանեկան պատի՛վն է, հորս մարմինը, հասկանո՞ւմ ես… (Վճռական)։ Ո՛չ, դա իմ ձեռքը չէ, այլ քո, միմիայն քո… (Քիչ լուռ)։ Լսի՛ր, Սա՛շա…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Նստում է տխուր և ընկճված)։ Խոսի՛ր…

ԹԵՐԵԶԱ.— (Մոտենում է և ձեռքը դնում ուսին)։ Դու արդեն սկսե՞լ ես այդ գործը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Մեղմ)։ Դեռ ոչ. բայց… (Ցույց է տալիս սեղանի վրա)։ Ահա՛ թուղթը, որով պիտի սկսի…

ԹԵՐԵԶԱ.— (Վազելով դեպի սեղանը)։ Ա՛հ… (Վերցնում է թուղթը)։ Դեռ ուշ չէ՞ ուրեմն… Պատռե՛նք այս թուղթը, Սաշա, ես քեզ խնդրում եմ, աղաչում եմ ուղղակի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Գնում է դեպի նա և արգելում)։ Ի՞նչ ես անում… Թո՛ղ, մի՛ պատռի… (Առնում է թուղթը և մի կողմ դնում

ԹԵՐԵԶԱ.— Սա՜շա… Եթե դու ինձ սիրում ես, եթե չես ուզում իմ մահը — թո՛ղ, պատռի՛ր… Թո՛ղ ուրիշին՝ մտնելու նրա դեմ դատի, դու մի՛ անի… Թող իմ սիրա՛ծը չկոխոտի հորս կյանքը, մեր ընտանեկան պատիվը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Թերե՜զ… դու ուզում ես ստորությա՞ն, վատությա՞ն մղել ինձ…

ԹԵՐԵԶԱ.— Բայց ո՛չ, Սա՛շա, ինչո՞ւ… (Ժպտուն, սիրալիր համոզողական)։ Ուրիշ փաստաբան չկա՞… Ես խո չե՞մ դրդում քեզ պաշտպանել