Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փափագը գոյություն չունեն որպես անօգուտ, ավելի տանջանք ու ցավ պատճառող ավելորդություններ…

Նստեց իմաստունը նրա կողքին, նայեց երկար այդ սիրուն և վշտալից երիտասարդին, ժպտաց ու ասաց.

— Քո հոգու դրությունը նկարագրեցիր, երիտասարդ, բայց ոչ իմը: Որոշ չափով վշտակից ենք, որից հետո դու ուրիշ ճանապարհով ես գնում, ես՝ ուրիշ։ Դու զզվել ես կյանքից ու մարդկությունից, դժգոհ ծնված լինելուցդ, բնության գոյությունից, եղած ցեխից ու ինքնամոռացության ես ապավինել, գնում ես այնտեղ, որտեղ ոտներդ են տանում, և փափագն ու կամքը գոյություն չունեն քեզ համար… Բայց ե՞ս… Ես ավելի թշվառ եմ, քան դու, որովհետև, եթե ես զզվել եմ կյանքից, այդ չի՛ նշանակում, որ մահ եմ փնտրում, եթե զզվել եմ մարդկությունից, այդ չի՛ նշանակում, որ խուսափում եմ նրանից։ Ես խուսափում եմ նրա կեղծ, ցեխային դրությունից, բայց ես փնտրում եմ լավը… Եթե դու ինքնամոռացության ես տվել քեզ, ես ավելի ցավակցության արժանի եմ, որովհետև չեմ կարող ինքզինքս տալ ինքնամոռացության։ Ընդհակառակն, ես տանջվում եմ հենց նրանով, որ իմ մեջ, քանի գնում է, գիտակցության փափագն ու տենչանքը, փնտրողության ցանկությունը մեծանում է, խոշորանում, ամբողջ էությունս կլանում… Ես ուզում եմ գնացած տեղս գիտենալ, ապա գնալ ավելի հեռուն և այսպես ճանաչել անհունությունը. ուզում եմ գտնել այս բոլորի, այս շարժման, այս գոյության վերջնական նպատակը, այս բոլոր մրրկի հանգրվանը… Ւմ մեջ ոչ միայն կամքն ու փափագը գոյության ունեն, այլ հենց դրանք են, որ կազմում են իմ բոլոր տանջանքը. ես կամենում եմ և փափագում — և ահա թե ինչու եմ տանջվում, ինչու տոչորվում…

Երիտասարդի աչքերը ցամաքեցին։

— Ով թշվառ իմաստուն, — գոչեց նա, — դու քո վշտով մխիթարեցիր ինձ։ Ես կարծում էի, թե, չկա աշխարհիս վրա տանջանք, որ իմինիս հավասարվի և որ կարողանա գերազանցել սրտի տանջանքին. բայց սխալված եմ եղել, կա մտային տանջանքը և դա, օ՜հ, սոսկալի է։ Դա նմանում է հետզհետե արծարծվող, միշտ բորբոքվող և երբեք չմարող կրակին, որ գրված է ուղեղի վրա, և ո՛չ ուղեղն է սպառվում ու ո՛չ կրակը: Մտային տանջանքի մարմնացումը Կովկասյան լեռների վրա կապված հսկան է, որ գիտակցության կրակն է գողացել երկնքից և որ տանջվում է, որովհետև կամեցել է, փափագել…

— Դու հասկացար ինձ, – ասաց իմաստունը, – բայց անիծյալ լինես, որովհետև զգում եմ, որ դու մի նոր խստություն ես տալու իմ