Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դառնությունը, անուշ տանջանքը: Եվ այժմ, մի վայրկենում, երիտասարդի մի խոսքը բաց էր անում նրա առաջ մի նոր աշխարհ։

Արդյոք դա՞ էր ուրեմն տիեզերային շարժման, մրրկային ամբողջ պտույտի վերջնական նպատակը. ա՞յդ, թե գուցե նրա գոյության պատճառն էր միայն, նյութի ձևափոխության, բեղմնավորության, ուժի կուտակման և արդյունքների միակ արտադրիչը։

Արդյոք այդ խանդալից կի՞րքն էր, որ ստեղծել էր ու ստեղծում էր, որ քանդել էր և որ քանդում է ամեն ինչ, որ շինում է և ավերում, ստեղծում է և ոչնչացնում և փոխնիփոխ արարչի և կործանիչի դեր կատարում բնության մեջ…

Եվ երբ մտածում էր այդ բոլորը, նայեց երիտասարդին և տեսավ նրա վշտակոծ դեմքը, նրա քայքայվող հոգու դրությունը։ Եվ իմացավ, որ սերը իր ստեղծիչ բազուկը փոխել է կործանիչի այդ մատաղ սրտում, և որ խարխլվում է նյութը, որովհետև կաթ առ կաթ դուրս է գնում նրա միջից նրան կապակցող ուժը, նրան կենդանի, շարժուն պահող խանդը…

— Խոսիր,— ասաց նա վշտալից,— պատմիր, բարեկամ, քո պատմությունը, և թող ինձ տեսնել, թե արդյոք սե՞րն է այն մեծ նպատակը, որին փնտրում է իմ անհանգիստ միտքը, և որը միշտ խուսափում է իմ հասկացողությունից. արդյոք դա՞ է, որին ես անկարելի էի համարում գտնել, թե՞ դա ոչ թե նպատակն է, այլ ճանապարհ դեպի նրան գնալու… Պատմիր, թե ինչո՞ւ ես մնացել մեն-մենակ այս ամրոցի մեջ, արտասվալից, վշտակոծ ու քայքայված…

Եվ երիտասարդը սկսեց պատմել:

— Հարուստ հոր զավակ եմ,— ասաց նա,— և այս ամրոցն ու ծառաստանը, այլև շրջակա շատ հասույթավոր հողեր իմն են. Ոչինչ չի պակասում ինձ. ո՛չ շքեղություն և ո՛չ զվարճություն: Երիտասարդ եմ, որպես տեսնում ես. հիվանդ էլ չեմ, և կար ժամանակ, որ իմ զվարթ և ուրախ տրամադրությունը պարզում էր ամեն մռայլ ճակատ, գեղածիծաղ դարձնում այս ամրոցն ու պարտեզը և զվարթություն սփռում բոլոր ինձ շրջապատողների մեջ։

Այսպես միշտ զվարթ ապրում էի ես այն ժամանակ իմ ամրոցում, և ոչինչ չէր պակասում, երբ մի օր, որսի ժամանակ անտառի մեջ հանդիպեցի դրացի իշխանի աղջկան, և մենք երկուսս էլ սիրահարվեցինք միմյանց:

Երևակայել այնպես սեր, որպիսով մենք կապվեցինք միմյանց, չես կարող, իմաստուն։ Այդ տեսակ սեր երևակայելու համար հարկավոր է լինել տաք կլիմայի բուռն զավակ, երբեք սիրած չլինել. հարկավոր է