Jump to content

Էջ:White Varsenik.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճառած մարմնին, Երվանղի բուռն ցանկությունն էր։ Բնազդաբար կզգար զայն, բայց ամուսնացած կիներու փորձառությունը չուներ, ինքզինքին հաշիվ տալու համար։ Քաղցր, անձկալի, խռովիչ հուզում մը կցնցեր մարմինը։ Ու միաժամանակ կհիշեր Գող-Տոնիկի ձայնին գեշ հրապույրը։ Երվանդի զարմանալի ակնարկն ու Ժանի բարակ ձեռքերը։

— Վա՛րսենիկ,— ձայնեց Զարուհի,— գիտե՞ս, գեշ տղա չերևար այդ Երվանդը...

Անորոշ պատասխան մը տվավ ու ձգեց, որ Զարուհի իր տպավորությունները պատմե։ Գլուխը երկարած մտիկ կըներ զայն ու միաժամանակ կմտածեր կարևոր ու չնչին բազմաթիվ դեպքերու վրա։ Եթե ներքին ձայնին անսար՝ ամե՛ն ինչ պիտի պատմեր Զարուհիին, բայց ամոթխածությունը մեծ էր։ Բայց ի՞նչ անախորժ էր երբեմն այդ տղուն կանաչ հայացքը։

— Մայրիկս ըսավ որ «Կրնա ըլլալ քի Վարսենիկը ու զին քույրս ու Հայրապետ աղան չէ չեն ըսեր, ամա կվախնամ քի Վարսենիկին ուզածը չէ...»։

Սիրտը տրոփեց սաստկությամբ, աղմկեց կուրծքին տակ։ Կարծես թե կմսեր, հին սովորությամբ՝ շապիկին տակեն ձեռքը կուրծքերուն վրա դրավ ու շնչակտուր սպասեց։ Ցերեկը կասկածած էր արդեն Վահանեն, որ հետին նպատակով Երվանդը կուզեր տուն բերերի ուրեմն ընտանիքին մեջ բոլորը լրջորեն նկատի կառնեին այդ հավակնությունը։ Ի՞նչ կուզեին իրմեն, դեռ դպրոցական աղջիկ մըն էը։ Դեռ խաղալ, խնդալ կուզեր, մինչդեռ քաղքին մեջ անգամ մը ամուսնանալն հետո ամեն զվարճություն կվերջանար:

— «Վարսենիկը հա ըսե նե՝ գեշ չաներ»,— շարունակեց կրկնել Զարուհի մորը խոսքերը,— «ամա» ճահիլ է, պելքի չիրքին է ֆիլան ըսելով չուզեր։ Շիտտակը Վահանը քիչ կըսե եղեր, շատ շնորհքով տղա է»։

Հետո լուսընկան սահեցավ գնաց, գիշերը հառաջացավ Լոկ իր հոգին էր, որ կշարունակեր խոսիլ, անլսելիորեն մրմնքել։ Հուզումը ալիք ալիք կբարձրանար ու կուրծքը կծեծեր, մինչև որ պզտիկ, շատ պզտիկ աղջկան մը պես գլուխը պահեց բարձին մեջ ու խուլ հեծկլտուքով մը սկսավ արտասվել։