պապան ամեն բանե ձեռք քաշեց, տան մենծը Երվանդն է ըսեմ նե՝ սուտ ըսած չիմ ըլլար։ Պապան կըսե քի,— տղա՛ս կըսե, յոլարը ձեռքդ տվինք, նայե քի ձիդ շիտակ վազե... իրեն մնար նե՝ աս խըտար մերաք չէր աներ յա, մենծ աղբարը մեջ մտավ։ Տունը մեկ անգամ կշինին,— ըսավ,— անանկ մը շինելու է քի՝ մարդ հիսուն տարի ետքը չամչնա...
— Շիտտակը, Աղսա՛բեթ հանըմ, աղվոր տուն էդեր է։ Աս օտան հելե՝ նոր փեսայի օտա է, էռջին ալ բաց, մարդուս հոգին կբացվի...
Լռությամբ դարձավ ետ ու խորունկ հաճույքով մը նշմարեց հսկա ապակեպատ գրադարան մը ու քիչ մը հեռուն աշխատանքի լայն, հանգստավետ սեղան մը։ Քաղքին մեջ առաջին անգամն էր, որ կտեսներ նման թանկագին կարասի մը, այո՛, իրապես առաջին անգամ։ Գրադարանը գրեթե կդպեր առաստաղին։ Մոտեցավ ու դիտեց կանոնավոր շարքերով դիզված գրքերը։ Դպրոցական քաղցր հիշատակներուն հետ, ուսանելու սաստիկ ծարավ մը արթնցավ հոգվույն խորը։ Ագահությամբ կգիտեր այդ գրքերը ու աստիճանաբար ապշությունը կմեծնար։ Մեծահատոր տաճկերեն գրքերու կողքին կտեսներ ֆրանսերեն սիրուն հատորներ, օրենսդրական, իրավաբանական երկերուն քով՝ նաև հայերեն գրական գործեր։ Եթե չամչնար, ապակեպատ փեղկերը պիտի բանար ու թղթատեր, այնքան մեծ էր զարմանքն ու ուրախությունը։
— Մինչև կես գիշերները աստտեղեն չերերար, տղաս, կըսիմ, աչքիդ լուսին մեղք է, կարդացածդ կօգտե իշտե: Էրսուն տարու չկաս՝ քաղքին մեջ հարգդ հորդ հարգին հավասար է, տգետ կնիկ իմ ամա՝ նորեն մարդ իմ, հատե էլի քնացի նայիմ։ Շ՜ատ աղեկ, մայրիկ, կըսե, ամա կնստի։ Հիչ չէ նե առտուն ուշ էլլե։ Ծեր մար իմ, կմեղքնամ կո, Աննիկ հանըմ...
Անկյուն մը՝ եռոտանիի մը վրա, նշմարեց Վահանի նկարը: Ո՜րքան ուրախացավ, կարծես թե այդ լուսանկարը մեկեն մտերիմ ընտանություն մը պարգևեց սենյակին։ Կուզեր կաշիե բազկաթոռին մեջ նստիլ, առանձին, վայելելով այդ անուշ արևը, թղթատելով այդ գրքերը, հիշելով անցյալը։ Ակամա հետևեցավ մորը ու մեկ առ մեկ այցելեցին տան բոլոր բաժինները։ Ամե՛ն ինչ հաճելի, մտերիմ ու ճաշակավոր էր։ Տուն-