Jump to content

Էջ:White Varsenik.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մըն էր, ուր կարելի էր երջանիկ ըլլալ։ Սենյակի մը բաց պատուհանեն դիտեց փողոցը, մինչ մայրն ու Աղսաբեթ հանըմ վար կիջնեին։ Առսըզ Մարիձան նո՛ւյն կատաղի զվարթությամբ կթնդեր երրորդ շարապխանան ու միշտ անոր խոշոր ու ճերմակ ծիծերը կցատկեին։ Վերեն կտեսներ անոնց թուխ պտուկները ու կամչնար։ Աչքերը դարձուց ու այս անգամ տեսավ անոր լի ազդրերն ու ծունկերը խաղողի դեզին մեջ ու լսեց քաղքին անուշ երգ մը, քաղքի ստահակ երգ մը, որ աղջիկները չէին համարձակեր երգել։ Հաճույքով նայեցավ անոր դեմքին, որ կարծես լույսի մեջ կլողար երգած շվայտ եղանակին պատճառավ։ Ու վերստին տեսավ այդ խոշոր ու ճերմակ ծիծերը, շապիկին տակեն ցայտող այդ զվարթ ծիծերը ու անոնց հունապի պես թուխ պտուկները ու վերստին ամչցավ։

— Մա՛րիձա, ամոթ է քա,— ըսավ ընկերուհին,— սո՛ւս էղիր...

Առսըզ Մարիձա ավելի զվարթությամբ կշարունակեր սակայն։ Երկու աղջիկները կատակով կռվեցան ու մյուսը իր թրջած ձեռքովը հարվածեց Մարիձայի աղվոր ազդրերը։ Գուցե խմած քաղցուեն էր, խաղողի անուշ բույրեն, գուցե արևեն էր՝ այդ թեթև արբշռանքը։ Երջանիկ ու հուզումնահար՝ կուզեր վար իջնել, երբ վարը՝ սանդուխին ոտքը, մորը և Աղսաբեթ հանըմի խոսակցության ձայնը լսեց։ Ոտքի ծայրերուն վրա մոտեցավ ու կրթնեցավ բազրիքին։ Բազրիքին վրա կուրծքերը հուզումեն կելևէջեին։

— Տահա փեք ճահիլ է, Աղսա՛բեթ հանըմ,— կըսեր մայրը,— պապային հետ շաշըրմիշ եղած կեցած ինք, ի՞նչ ըսինք, ինտո՞ր ըսինք։ Աղջիկ ունեցած չես տե, չիյտես, Աղսա՛բեթ հանըմ...

— Էն աղեկը շիտկե-շիտակ ըսելն է։ Առտուները տեսնես նե՝ նիյերդ կվառի, գիշերը քուն չունի քի։ Հարը պիլե կմեղքանա կո։ Կըսե քի՝ էթամ Հայրապետը տեսնիմ, հա՛ է նե՝ հա՛, չէ է նե՝ չէ՛, կըսե, քա Աղսաբեթ՝ տղուն արունք պըտը մտնինք կըսե...

Կարծես թե կլսեր սրտին աղմուկը։ Դող մը կցնդեր ուսերը, մեջքեն ցավագին զգայություն մը կբարձրանար ողնասյունին։ Կզգար, որ հանցավոր է զանոնք մտիկ ընելու հա-