Jump to content

Էջ:White Varsenik.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոստիկան-զորքերը քիչ մը հեռուն կեցած հարգանքով բարևեցին զիրենք։ Զգաց, որ լռությամբ ականատես եղած են դեպքին ու մտքեն խնդաց վրանին։ Տերեին կողմեն նախ էշ մը երկարորեն դռռաց ու հետո քանի մը կովեր հաջորդաբար բառաչեցին։ Աքասիայի մը վրա՝ քանի մը եկքանիկներ զվարթությամբ կգեղգեղեին։

— Նստինք խահվե մը խմինք,— ըսավ եղբայրը,— Սերգիսն ալ իսկելե գնաց, պելքի կհանդիպի...

Սրճարանի մը դարպասը նստան ու երկարորեն լռեցին։ Պատահածը արդեն ծանոթ էր շրջակա խանութպաններուն։ Անցորդները համակրանքով կբարևեին ու ինք կզգար, որ ժողովուրդը ամբողջ սրտով իր հետ էր։ Աստիճանաբար քաղցր խաղաղություն մը իջավ վրան ու հոգվույն խորը՝ անհուն հրճվանք մը զգաց Վաըսենիկի պատիվը պաշտպանած ըլլալուն համար։ Ծիծեռնակ մը գրեթե հողին քսվելով սահեցավ ու երեկոյան զանգակը երկարորեն, մելամաղձորեն, մտերմորեն ղողանջեց։

— Կենե արզիվ պըտը գա,— ըսավ Նշան,— ի՞նչ է նե՝ դուսը բան չմնաց, աշլըտեցանք ամա՝ խալրսեցանք կշտե...

Վերստին լռեցին, փոքրիկ ումպերով խմելով իրենց սուրճերը։ Նշան գլանիկ մը փաթթեր։

— Աս տարի ղուշոթինիս աղեկ չէ, Երվա՛նդ, կեսը չոփ է։ մարե անցնելու է։ Աղեկ միտքս ինկավ։ Հայրապետ աղան քեզ ուզեր է, վաղը իրիկուն տուն թո՛ղ հանդիպի ըսելով՝ լուր ղրկած էր...

Երկար հայացքով մը դիտեց եղբորը երկար դեմքը ու իրեն թվեցավ, թե՝ հակառակ սիրո վերքերուն, կյանքը կրնա քաղցր ըլլալ, կրնա պարզությամբ ու խաղաղությամբ սահիլ։

— Տան մեջ գիտես քի լուս իջավ,— ըսավ Նշան ակնարկը պահելով,— աս նշանտուքին խնդիրը կարդա դրվելեն պերկ՝ ամենս ֆուրթունայե ազատածի պես ինք։ Մարդ իրեք-չորս օր է՝ ուրախութենեն չի կրնա կո քնանալ։ Ինչ է նե, Աստված պաղըշլամիշ անե... Հայրապետ աղան ըսավ քի՝ նշանտուքը անինք վերջացնինք։ Դո՛ւն պըտր նստիս նե ինծի մի նայիր, ես քիչ մը գործ ունիմ, կամաց մը առնիմ թալիմ...