Jump to content

Էջ:White Varsenik.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինք ալ բարձրացավ ու վերստին կողք կողքի սկսան քալել, և խոսելով տարվան բերքերուն, արմտիքի գներուն, առաջիկա սերմնացանին մասին։ Լսելով հանդերձ եղբորը ըսածները՝ հողին այլուր էր, երևակայությունը այլուր։ Պոլիս գարեջրատան մը մեջ, անցյալ տարի թրքական հին եղանակ մը լսած էր ու այդ եղանակը ահա լկտի ուրախությամբ մը կթափառեր շրթներուն անկյունը։ Շիտակը՝ երբեք հոգվույն խորը չէր տարակուսած, թե դեպքերը կրնային ուրիշ ելքի մը հանգիլ: Միայն այն գարնան օրը՝ տաժանելի կասկած մը սպրդած էր մարմնեն ներս, երբ տեսած էր այդ լըվանթեն տղան, որ անուշ ակնարկ մը կձգեր Վարսենիկի վրա։ Կրնա՞ր Վարսենիկը չզգալ միթե որ ո՛չ մեկ Ժան կրնա զինքը նույն սաստկությամբ, նույն կրթով, նո՛ւյն լռությամբ սիրել։ Եթե հարկ ըլլար ինք կրնար արյուն թափել, անոր մազին մեկ թելին համար։

— Պետք եթե ըլլա՝ արյուն կթափեմ,— մրմնջացին շրթունքները մեքենաբար,— արյուն կթափեմ...

Փողոցի դրան մեջ իսկ հանդիպեցավ Հայրապետ աղային, որ շիտակ գրասենյակեն կուգար, քիչ մը հևալեն, կրթնած գավազանին։

— Բարինկուն, Երվա՛նդ, աղե՛կ եկար,— ըսավ մտերմությամբ։— Ասօր քաղաքական ժողովի նիստին չէիր եկած նե, մտքես անցավ քի տեղ մը գացած ըլլալու ես։ Սրբազանին առաջարկին վրա՝ քեզ ատենադպիր ընտրեցինք։ Հա՛, կե՛ցիր, ի՞նչ պըտը ըսեի յա՜... հա՜ աղ. Գող-Տոնիկը, փե՛ք աղեկ արեր ես: Սրբազանը անգամ օրհնեց քեզ։ Չափը կանցնեին կոր ալ...

Թաթարը վազելեն եկավ ու նախ Հայրապետ աղային, հետո իրեն բարի գալուստ մաղթեց։ Դունչը քսեց սրունքին։ Ծռեցավ ու շան գլուխը շոյեց։ Սիրտը ուժգնությամբ կտրոփեր։ Կզգար, որ այդ անմիտ հուզումը ալիք-ալիք կբարձրանա կրկին։ Կզգար, որ քաջությունը չպիտի ունենա այժմ Վարսենիկի երեսը նայելու։ Գրեթե զղջաց եկած ըլլալուն համար։

— Հարկավ լսեցիր,— հարեց Հայրապետ աղա,— ադ Գող-Տոնիկը տունը պառկեր է, բերնեն արուն կհոսի եղեր...

— Բերանը քիչ մը պատռված էր,— ճշտեր ինք,— ժողո-