Jump to content

Էջ:White Varsenik.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գոհացած չէր։ Երբ տան դուռեն մտավ ներս` խոշոր աղաղակ մը արձակեց,— հոո՜բ ու պայուսակը նետեց օդը։ Մայրը, որ արևին մեջ ճերմակեղեն կփռեր, աշխատանքը ընդհատեց ու մեղադրանքով լի ակնարկ մը ձգեց վրան։ Մինչ այդ պայուսակը ինկավ սերկևիլին ծառի վրա ու մինակը ճյուղե մը կախվեցավ։ Ի՜նչ աղվոր առիթ էր, վեր մագլցելու։ Երկու վայրկյան իսկ չտևեց՝ վեր ելլելն ու վար իջնելը։

— Ա՜խ, տղա՛ս, հյուծախտ պիտի ընես զիս...

Ըսավ մայրը, տաբատը զննեց ու բաճկոնակը։ Պատռած ոչինչ կար։

— Մայրիկ, քա ի՞նչ ըսել է արտահայաության եղանակ...

Մայրը վարժված էր նման հարցումներու։ Ձեռքի հապճեպ շարժումով մը իր անկարգ վարսերը շտկեց, նաև շապիկին օձիքը ու համբուրեց զինքը։ Վայրկյան մը մտածեց ու ժպտեցավ։ Ի՞նչ պիտի չտար, վերստին, գեթ անգամ մը այդ գարնանային ժպտին նշույլը դեմքին վրա զգալու համար։

— Ըսելու ձևին կըսեն, տղաս։ Օրինակ, ախոռապանը ու էն պարզ բանը ըսելու համար կտոր-կտոր կըլլա, որ դուն, ուր ուզածդ պոռալով կուզես ու պոռալով կըսես՝ նույն արտահայտության եղանակները չունիք։ Օրինակ, Աննիձա հանըմը, որուն դեմքը, շրթունքները, աչքերը, ձեռքերը կշարժին, երբ բան մը կըսե ու հայրիկդ, որ արձանի մը պես կկենա, նույն արտահայտության եղանակները չունեն...

— Հասկցա,— պոռաց ինք զվարթությամբ,— երբ դուն խրսեդ կխոսիս մեզի հետ՝ պաշխա արտահայտության եղանակ ունիս ու պաշխա, երբ առաջնորդ հորը հետ է խոսակցությունդ,— այո՛, Սրբազան, թույլ կուտայի՞ք ավելցնել, Սրբազան։ Իսկ հայրիկը է՛ն քիչը վեց-յոթը հատ արտահայտության եղանակներ ունի՝ ինձ կթվեր, կուզեի կարծել թե և այլն։

— Սիրվելիք տղա չես,— ըսավ մայրը հուսահատ ու հապճեպով վերադարձավ իր գործին,— ճանավար ես...

— Իշտե ատիկա արտահայտվելու ձև մըն է, որ քեզի չի վայելեր...

Այդ միջադեպեն հետո, քանի մը օր, մայրը չէր համարձակած զինքը հանդիմանել, այնքան զվարթությամբ խնդացած էր այդ դիտողության պատճառավ։ Ինք ևս քիչ մը հպարտ էր