— Ազգականներ,— կրկնեց ինք սպիտակ ձայնով մը։
Դեռ մինչև երբ երեկոն պիտի վառեր հեռուն, այդ աղվոր բլուրներուն վրա, իր թեթև կրակները։ Կարծես, թե տոն էր շուրջը ու տոն էր հոգվույն խորը։ Արշամին հետ՝ որբանոցը գիշերել ու Արշամին հետ՝ ցերեկը Կեդրոնական երթալ, ավելի ինչ մեծ շռայլություն կրնար սպասել կյանքեն։ Լուսնկա գիշերները՝ գիրքը կրնար բանալ անկողնին վրա ու մտիկ ընելով հանդերձ Արշամի շաղակրատությունները, կրնար ընթերցումը շարունակել։ Իր անվախճան պտույտներու ընթացքին էր, որ հանդիպած էր այդ ծովեզերյա որբանոցին, ուշ գիշերը։ Պատուհանները բաց էին ու ննջարանեն անուշ աղմուկ մը կիյնար սալահատակին վրա։ Տղու մը գանգուր գլուխը երևցավ լուսնկային շողերուն միջև։ Գիշերը այնքան պայծառ էր, որ ինք քիչ մնաց պիտի արտասվեր հրճվանքեն։ Ու ծովուն բացեն՝ մակույկի մը հարուցած ճողոփյունը կլսվեր։ Հետո սրտակեղեք երգ մը ելավ գիշերվան խորեն ու ինք, դողդոջուն հեռացավ, վերադառնալու համար տանը անշնչելի մթնոլորտին։ Ահա այս հիշատակներուն հետ էր, երբ Արշամ քանի մը անմեղ բառերով խորտակեց այս խարխուլ երազը։
— Սուրեն անունով որբ տղա մը կճանչնամ, որ Կեդրոնական կերթա։ Ըսավ թե քսանեն ավելի են, էսայան վարժարանը կապրին ու ամեն առտու քալելով վար կիջնեն։ Տասնհինգ-տասնվեց տարեկան են, ընդհանրապես։
Մեր հանցանքը չէ՝ եթե չորս տարի կորսնցուցած ենք...
Ինք կզգար, թե կորսված ոչինչ կար դեռ իրենց համար: Ուսման խորունկ ու անհագ ծարավը, որ ուներ, աշխատելու կիրքը՝ որ երբեմն կգոռար երիկամունքներուն մեջ՝ կբավեին այդ երկու-երեք տարիներու խրամատը ցատկելու համար։
— Դուն անշուշտ կրնաս ազգականներուդ զովը մնալ...
— Ազգականներուս,— կրկնեց ինք վերստին, նույն սպիտակ ձայնովը։
Ու այդ կիները, որ կսահեին նույն խելացնոր գեղեցկությամբ։ Մեկուն ալեկոծ թիկունքներուն վրա՝ իր ակնարկը կառչած մնաց ու ուրիշի մը խուլ կուրծքերուն հետ մանուկ ուլի մը պես ոստոստեց։ Ու ինչո՞ւ այս երեկո մասնավորապես այդքան խռովք ու բանաստեղծություն կար շուրջը: Հան-