Jump to content

Էջ:White Varsenik.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րակառք մի փողոցը ճեղքելով սուրաց ու ներսեն` տոմսավաճառը ձեռքով բարևեց Արշամը։ Իսկ այս վերջինը ուրախ շարժումներով ընդունեց ընկերոջ բարևը ու մեկեն վերստացավ իր հասուն մարդու արտահայտությունը։ Երիտասարդ աղջիկ մը քիչ մնաց պիտի բախեր իրեն։ Տաք ու անմեղ աչքեր ուներ ու սիրուն փոսիկով կզակ մը։ Երբ նկատեց թե հայեր էին, նուրբ ձայնով մը ներողության ըսավ ու ժպտեցավ։

— Ի՜նչ աճապարանք,— ըսավ Արշամ՝ խեղկատակ լրջությամբ մը,— շուտ ըրե, շո՛ւտ։ Եթե ուշ տուն հասնիս՝ մայրիկդ կրնա բարկանալ...

Աղջիկը վերստին ժպտեցավ, ու ինք սիրեց այդ տաք ու անմեղ աչքերը, որ կժպտեին։ Ու հայնժամ միայն նկատեց, թե թևին տակ պայուսակ մը ուներ, գրքերով ու տետրակներով լեցուն։ Ու այդ պատճառավ իսկ ավելի սիրեց զայն։ Այլ երկչոտությունը մեծ էր.

— Գրավի կուգամ, որ էսայան կհաճախես,— շարունակեց Արշամ, բանականությամբ մը, որ իր նախանձը գրգռեց։

— Ես ալ գրավի կուգամ, որ հանրակառքի տոմսավաճառ եք,— պատասխանեց աղջիկը, աճապարելով հեռանալ։

Այլ հազիվ քանի մը քայլ ըրած՝ սիրուն գլուխը դարձուց ու ժպտեցավ։

— Բարի իրիկուն,— պոռաց Արշամ, ձեռքը շարժելով օդին մեջ։

Աղջիկը շնորհալի շարժումով մը, գլխով ընդունեց բարևը ու կորսվեցավ բազմության մեջ։ Ի՜նչ քաղցր էր երեկոն ու երիտասարդությունը կհայտնվեր անոր բոլոր շարժումներուն մեջ։ Կքալեր կարծես փոքրիկ ոստումներով կաքավի մը պես ու իր արդեն հասուն կնոջ մարմինը տենչալի ու գրավիչ ծայեր ամեն քայլափոխի։ Այլ ինչ որ իր վրա մնաց անկե այդ տաք աչքերուն լույսն էր։

Հետո բազմությունը ավելի մեծցավ շուրջը։ Ու կիները սկսան ավելի քան խռովիչ թվիլ: Հույն աղջիկ մը գրգռիչ ակնարկ մը ձգեց վրան ու աղվոր կուրծքերը ցցած հեռացավ։ Ու իր երևակայությունը հետևեցավ այս բոլոր կիներուն ճամբաներուն վրա ու իրենց բնակարաններուն մեջ։ Հետևեցավ անոնց ձգած բույրերուն ու անոնց մարմիններուն, որ կարծես