կբողբոջեին սիրով։ Կային, որ զարմանալիորեն ճերմակ էին, սև խալերով ու կային, որ խարտյաշ էին, ցանի հատիկներով իրենց դեմքերուն վրա։ Իրեն կթվեր, թե այս վերջինները միշտ հասմիկ կբուրեին ու ավելի անմատչելի էին քան մյուսները։ Անոնց կապույտ աչքերուն խորը ծաղիկներ կբուսնեին ու անոնց բիբերը աստղի բեկորներու պես շողշողուն էին։ Որ գրեթե միշտ անոնց ձայները ավելի հստակ էին ու բյուրեղային, անպարագրելիորեն կարկաչուն ձայներ, որ կրնային արձագանքել միայն ճերմակ մարմիններե։
— Քալե՛,— ըսավ Արշամ,— փառավոր ճաշ մը ընենք։
Խորին հաճույք մըն ալ այդ էր՝ այդ հասուն մարդու հմայքը այս տղուն մոտ։ Առանց գլանիկը ձգելու կխոսեր, բերնին անկյուններովը, վերստին կպատմեր իր արկածները։ Ու հեղակարծորեն սկսավ դողդոջել, կարծես թե տենդ ունենար, այնքան խորունկ էր հուզումը։ Ավելի ճշգրտությունը լոկ անմիտներուն համար է։ Արշամի դեմքին վրա այդ խուսափուկ նշույլը քավեց, որպեսզի ինք համոզեր, թե ան իրապես կյանքին մյուս ափեն էր, թե ան իրապես մարդ էր այլևս։ Անոր դեմքը կցոլար այդ աոաջին մեղքին ճառագայթումեն: Ինչպե՞ս կրնար պատահիլ ատիկա։ Ինք չէր կրնար իսկ կնոջ մը ձեռքին հպիլ, առանց տերևի մը պես սարսռալու։ Իր բերանը դեռ ոչ մեկ համբույրի համը գիտեր։ Ու տեսակ մը սրբապղծություն էր կարծես մտածել, թե մարդը կրնա իր բազուկներուն մեջ սեղմել աղջկան մը մարմինը։ Դող մը կվազեր սրունքներեն, ողնասյունեն, ծոծրակեն։ Արցունքի կաթիլներ գազանորեն թրջեցին բիբերն ու արտևանունքը։ Կապաստաներ մութին՝ ծածկելու համար խռովքը։Բայց այդ խռովքը մեծ որոտումներով կելլեր մարմնին խորունկներեն ու կսարսեր զինքը։
Վերադարձեն ի վեր, որքան հաճախ, ուշ գիշերներուն անկողնին մեջ՝ այս խռովքը կելլեր նույն սաստկությամբ ու երկյուղահար կձգեր զինքը։ Հետին մանրամասնություններով գիտեր, թե ի՛նչպես կպատահեր այդ արարքը, այլ իր հոգին չէր ուզեր ընդունիլ զայն։ Երբեք իր զգայնությունը չէր ուզած հաշտվիլ իրողության հետ։ Իր բոլոր լսածները կսահեին վրայեն, ինչպես հովը կսահի ծովուն մակերեսեն, առանց կարենալ խռովելու անոր էությունը։ Կինը գարուն էր իրեն