Jump to content

Էջ:White Varsenik.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար ու երգ էր։ Կնոջ մարմնին վրա գարնան բոլոր ծաղիկները կվառեին՝ ինչպես վենետիկյան լապտերները, տոնական գիշերներուն, պարտեզներուն մեջ։ Կբավեր, որ աղջիկ մը խոսեր մութին մեջ, որպեսզի կյանքը շողար, իր բոլոր աստղազարդ գիշերներով։ Երբ ժանյակներու փրփուրները հազիվ կծածկեին կնոջ մը կուրծքին սպիտակությունը՝ իրեն կթվեր թե ճերմակ մեխակներու խուրձեր կքակվեին հանկարծ։ Ամեն գեղեցկության հանդեպ՝ մարմինը կդողդոջեր քաղցր սարսուռներով ու իր ակնարկը միշտ մաքուր կմնար։ Որքան ալ մեծ ու հմայաթափ ըլլար իր փորձառությունը կյանքեն՝ կզգար սակայն, թե հոգին մանուկ էր դեռ։ Բայց մանկությո՞ւն էր իրապես ատիկա։

Կրնա՞ր միթե գիտնալ, այդ տարիքին, թե որոշ մարդիկ, դեռ կանուխեն, հաճույքներու վրա կխուժեն, ինչպես անոթի մանուկները բոլոր սնունդներուն և ուրիշներ, որ մինչև իրենց խոր ծերությունը, տենդահար տենչական արծարծումներու և բանաստեղծական պարումներու մեջ կսպառեն զանոնք, մնալով միշտ բոլոր արարքներեն ասդին, բոլոր արարքներուն լուսանցքին վրա:-Կրնա՞ր միթե գիտնալ, թե իրողության մեջ, ոչ ոք կրնար ճշգրտիվ ըսել, թե ո՞վ ուներ իրավունք։ Անո՞նք, որ պարզությամբ իրենց ձեռքերը կերկարեին տենչանքի բոլոր առարկաներուն տիրանալու համար, սպառելով մեկեն իրենց մակընթաց ցանկությունը, թե անո՞նք, որ այդ ցանկության ընթացքին մեջ իսկ կորոնեին իրենց լիությունը։ Ինչ որ կզգար իրական պժգանք մըն էր, գրեթե երկյուղ մը առաջին արարքեն: Ո՛չ բոլորովին պժգանք էր ատիկա, ո՛չ ալ երկյուղ հիասթափության, ո՛չ ալ հասարակ երկչոտություն, այլ խառնուրդը այս բոլոր զգացումներուն ։ Կրնա՞ր միթե գիտնալ այդ տարիքին՝ թե կյանքն իսկ ունի իր մակընթացությունն ու տեղատվությունը և թե իր ցանկությանց շքեղ բանաստեղծության ու մարդկային իրականության միջև եղած խրամատն էր, որ կվախցներ զինքը։ Իր աչքերուն լույսն էր, որ իրերուն ու էակներուն կպարգևեր անէական շնորհ մը։

Կոթունեն փրցված ծաղիկի մը պես, ոը ոչ միայն կխամրի, այլև կկորսնցնե իր հմայքը, ինք արդեն կզգար, թե երազներ կան, որ կվերածվին մոխրի, իրականացման ճիշտ վայրկյանին։ Երկյուղը կյանքեն՝ արդեն իր արյան մեջ էր։ Եր