Jump to content

Էջ:White Varsenik.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յունը, այնքան զվարթ էր երկիրը, այնքան քաղցր էր գիշերամուտը։ Կովեր սկսան բառաչել ու երբ գյուղին մոտեցան, մսի և կերակուրի տաք գոլորշիներ կարծես բախեղան իրենց ռնգունքներուն։ Ընթրիքեն հետո մյուս տղաքը քարի կույտերու պես ընկան թեզի մը տակ, աստվածային քունին հզոր բազուկներուն մեջ։ Բայց իր հոգին արթուն էր ու լուսնկան շատ ճոխ էր ու անոր լողքր, ամպերու ճերմակ ծվեններուն միջեն, հույժ դաշն, որպեսզի կարենար քնանալ։ Ոտքի՝ կդիտեր զայն ու իր հոգին կլենար, հսկա սկահակի մը պես, երկրին բանաստեղծությամբ։ Ծղրիթներ կերգեին ու մոտակա առվակի եզերքեն գորտեր կկեղերջեին։ Աստղերը կարծես կթափեին վարսերուն մեջ, դեմքին ու ձեռքերուն վրա, ինչպես կալին մեջ հարդին ոսկյա փոշին։ Ողջ գյուղը ընկղմած կթվեր խորունկ նինջի մեջ։ Գուցե ուրիշ ոչ ոք արթուն էր՝ իրմե զատ։ Բայց իր զգայարանքները ծնծղաներու պես կհնչեին ու կարծես կլսվեր սրտին հզոր տրոփյունը։ Քարի մը վրա նստավ, լուսնակին շողերը դեմքին վրա ու հայրենի երգեր մեղմորեն ծլեցան հոգվույն անկյուններեն։ Կիսաձայն սկսավ երգել, մինչև որ հոգին խաղաղեցավ, հանդարտած ջրերու պես։ Հայնժամ ելավ ոտքի, իր ծարավը հագեցնելու համար: Լուսնկան կօծեր նաև տան շվաքը, այլ կուժը չգտավ։ Անաղմուկ սահեցավ ներս։ Կարելի չէր, որ մեկը լսեր զինքը։ Այդ ծայրահեղ զգուշության պատճառավ էր անշուշտ, որ ակամա ականատես եղավ այդ տեսարանին։ Կրնա՞ր միթե երբևիցե մոռնալ այդ գիշերը։ Քուրդ գյուղացի տանտերին վայրագ կերպարանքը ու երիտասարդ մերկ հարսը, որ սրունքները կբանար։ Գլուխը դարձուց և ստվերի մը պես ելավ դուրս։ Ու քանի մը օր հետո հեռացավ այդ գյուղեն. այնքա՜ն քաղցր էին այդ երիտասարդ կնոջ աչքերը։

Ու որքան ուրիշ հիշատակներ։ Որբանոցին քարե դարավոր պատերուն տակ, ուրիշ լուսնկա գիշեր մը։ Հորը ու հորին շուրջ ծաղիկները։ Տանիքեն իջած էր բակ, վերստին իր անքուն հոգին պատրելու համար, երբ անկյուն մը նշմարեց այդ զույգը, իր երեց ընկերներեն մեկն էր ու որբանոցի լվացարարուհին։ Ինչ որ տեսավ՝ կնոջ վեր սոթթված շրջազդեստն էր ու մերկ ազդրերը։ Պժգանքով փախավ վեր չըմբռնելով մարդոց այդ խուճապահար կիրքը։