Jump to content

Էջ:White Varsenik.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ տարիքին կրնա՞ր միթե գիտնալ, թե ամեն իրական հեշտություն արժանի է ներողամտության, թե սերը կստեղծե ու կլուսավորե իր շրջանակը՝ օրվան որևէ ժամուն ու որևէ երկնքի տակ, թե հաղթական երիտասարդություն մը, որ երթա իր լրիվ բողբոջման, առանց սայթաքումի, առանց կարգ մը ցուցական արարքներու։ Հարկ է, որ ջրվեժները շառաչուն աղմուկներով գլորին, հարկ է, որ աղավնիները կտուց կտուցի մնջեն, ձվարանները բոլոր ծաղիկներուն արգասավորությամբ ուռին, գառնուկներն ու ուլերը ծնեբեկներու պես պատռեն ձյունածածկ երկիրը։ Հարկ է, որ հեղեղները մեծ աղմուկներով խուժեն արտերն ի վար, ծիծառնիկները վերադառնան իրենց երդիքներուն ու հավիտենական Սուլամիթը տիրոջը այգիին մեջ սպասե իր սիրականին։ Կրնա՞ր միթե գիտնալ, թե այս է կյանքին ու գարնան օրենքը՝ արգասավորությունը երկրին ու իր վրա ապրող էակնեոուն։

Արդ այս երկյուղը առաջին արարքեն՝ տարիներ ի վեր կընկերանար իր քայլերուն։ Հանգիտությունը, որ բնազդաբար կզգար հեշտության ու սիրո միջև, շղթայակապ կըներ զինքը՝ ամեն փորձության առջև։ Ինչ որ չէր ըմբռներ՝ այդ արարքին բրտությունն էր, անասնական կերպարանքը։ Ու քանի կմխրճեր, չորս տարիներու մահաթմբիրեն վերջ, բանաստեղծության ակոսներուն մեջ՝ այդ բնական երկյուղը կմեծնար, կզորանար: Երկիրը իրեն կթվեր շղարշներու և մանիշակ մշուշներու մեջ կորուսյալ պարտեզ մը ու մարդկային բոլոր արարքներուն կընծայեր ծայրահեղ կարևորություն մը, որ չունեին միշտ։

Երբ ուշ գիշերին Արշամեն բաժնվեցավ, մարմինը արտակարգ խռովքի մը մեջ էր։ Սալահատակներուն վրա լուսնկան կդեգերեր գինով դատարկապորտի մը պես։ Ու չկար անկյուն մը, իր ողջ անձին վրա, ուր մեղապարտ հիշատակ մը չծվարեր։ Կքալեր խոշոր գլուխը կախած, ջանալով հրել անդին, այդ բոլոր զգայնությունները, որ կխուժեին վրան, ինչպես մարդ լույսը կջանա վանել, զարթոնքի ժամուն։ Տատանելով ու մութին մեջ` ելավ սանդոխներեն վեր ու հարկաբաժնին դրան առջև իսկ բախեցավ Արուսյակին։

— Մեծ մայրիկդ շատ բարկացած է դեմդ ու տունը հյուր