Էջ:White Varsenik.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կա։ Եթե ներս մտեես, կվախնամ որ չկրնա զսպել ինքզինքը: Վերգինեին տան բանալին ուզեցի, ա՛ռ, գնա՝ այնտեղ պառկե այս գիշեր։ Վաղը կնայիս կհանդարտի...

Կրթնեցավ բազրիքին ու երկարորեն դիտեց զայն։ Հավանաբար արտասված էր վերստին, քանի որ կոպերը թեթևորեն ուռած էին ու աչքերուն տակ մութ ստվերներ կային։ Կխոսեր շունչը բռնած ու զսպելով ձայնը։ Իսկ ինք հեղակարծ հրճվանքով մը բացառիկ կերպով գեղեցիկ կգտներ զայն։

— Ա՛ռ,— պնդեց երկարելով բանալին ու աղապատանքով նայեցավ աչքերուն.— եթե հիմա չերթաս՝ ստիպված պիտի երթաս քիչ հետո։ Հյուրերը հոս պիտի անցնեն գիշերը։ Գոնե ավելորդ բարկութենե մը կազատիս...

— Մորաքրոջ կամ ուրիշի տուն չեմ էրթար,— ըսավ ինք,— եթե հոս տեղ չկա, կելլեմ կէրթամ դուրս։ Արդեն որբանոց պիտի երթամ,— ավելցուց անհարկի աճապարանքով մը,— ու Կեդրոնական պիտի արձանագրվիմ։ Եթե շատ քունս գա՝ ընկերոջս քով կերթամ...

— Ի՞նչ ընկեր,— հարցուց Արուսյակ անձկությամբ։

— Ընկերոջ քանի՞ տեսակը կըլլա։ Պելքի կկարծես, թե աշխարհի մեջ այս տունեն զատ ուրիշ տեղ մարդ չի կրնար պատսպարվիլ...

— Հայլազ,— գոռաց մեծ մայրը՝ վրա հասնելով ու առաջին անգամ՝ վերադարձեն ի վեր վիրավորական բացատրություն մը գործածելով,— գիտե որու հետ սոխակները կչափչփես, հորդ պատիվը երկու փարայի պըտը ընես...

— Հորս պատիվին մի՛ խառնվիր,— ըսավ ինք՝ թևը ազատելով Արուսյակի սեղմումեն ու ողջ հասակովը ցցվելով մեծ մորը դեմ, գեշ հայացքով մը դիտելով զայն,— հորս պատվին մի խառնվիր՝ կրկնեց ահարկու ձայնով մը։ Ու գիտցած ըլլաս, զիս քու տղոցդ պես մինտերին քյոշեն չես կրնար նստեցնել: Ազգականնե՜ր,— գոռաց հեգնությամբ,— ազգականնե՜ր...

— Բաբկե՛ն, աղվորս,— մրմնջեց Վերգինե մորաքույրը քաշելով թևեն,— կաղաչեմ լռե՛, ամոթ է, տղա՛ս, մեծ մայրդ է...

— Մեծ մայր ըլլա՝ ինչ կուզե թող ըլլա,— գոռաց վերստին,— բայց հորս պատվին տերը ես եմ։ Մինակ ես եմ հո-