Jump to content

Էջ:White Varsenik.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մահմեդական գյուղերուն արմտիքը իր ձեռքեն կանցներ: Բայց իր առևտրական տան բարգավաճումը կպարտեր գլխավորաբար թռչնակերի արտածության։ Փաստորեն ինք և ուրիշ երեք֊չորս առևտրականներ քաղաքին արմտքի շուկան ձեռք անցուցած էին ու թեև իրարու դեմ կատաղորեն կպայքարեին՝ բայց մերթ ընդ մերթ Պոլսեն եկած շրջիկ հանձնակատարներու դեմ միշտ համերաշխ էին։ Մնաց որ շնորհիվ իրենց տարիներու փորձառության, անձնական կապերուն և հարաբերությանց՝ միշտ ավելի դյուրությամբ գին կկոտրեին։ Հետո ձմռան կամ գարնան սկիզբները՝ գյուղացիները հաճախ կդիմեին իրենց, առաջիկա բերքի հաշվին փոխառություն մը կնքելու համար ու ադով իսկ կերպով մը հանձնառու կլլային կալը ուրիշին չծախելու։

Այդպես է որ, առանց արյուն ծծողի համբավ հանած ըլլալու, Հայրապետ աղա հաջողած էր իր հանգուցյալ հորմեն ստացած ժառանգությունը եռապատկել։ Վերի թաղի հին ու նահապետական տանը փոխարեն, ուր ծնած էր, ծովեզերքին մոտ քարե գեղեցիկ բնակարան մը շինած էր երկհարկանի, լուսավետ ու գրեթե ամեն հարմարություններով օժտված։ Սկիզբեն իսկ իր լուրջ ու հաճոյակատար բնավորության, բայց մանավանդ ստացած կրթության շնորհիվ, նախանձելի դիրք մը շահած էր նաև հանրային գործերու մեջ։ Տարիներե ի վեր թաղական խորհրդի ատենադպիր ու դպրոցի հոգաբարձության ատենապետ էր ու ո՛չ մեկ ձեռնարկ, ո՛չ մեկ նախաձեռնություն առանց իր մասնակցության կրնար հաջողիլ։ Մեկ խոսքով մեկն էր քաղաքին այն մեկ֊քանի ջոջերեն, որ առաջնորդ կհրաժարեցնեն կամ դպրոցի տնօրեն կփոխեն, եթե ատիկա հաճելի է իրենց։

Ինչ որ զինքը համակրելի կընծայեր սակայն՝ իր հայրական բարեհաճությունն էր, լայնսրտությունը, մեծին ու պզտիկին հանդեպ։ Պոլսո Կեդրոնական հաճախած էր Չերազի ժամանակ ու ավարտած։ Բայց քաղաք վերադառնալեն , հտո՝ անմիջապես վերագտած էր շինական քիչ մը բիրտ կենցաղն ու խոսելակերպը։ Շուկան, գոոծի մարդոց հետ, բարեմիտ ու հաճոյախոս, բայց տալավերայի չեկող Հայրապետ աղան էր, որ քառասուն հատ նորելուկ միասին կրնար աղբյուր տանել ու ծարավ վերադարձնել, արմտիքի մեծաքանակ արտածողը՝