Էջ:White Varsenik.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ ցորենի խարտյաշ հատիկները ափի մեջ կառներ ու ճշդությամբ կըսեր թե քիլեն քանի օխա կկշռե կամ թե այս ինչ ցորենի պարկը որքան ալյուր կուտա ու որքան թեփ։Զուր տեղը չէր, որ իր բարեկամները կատակով կըսեին. — Հայրապետ աղան տոլապի բերողը տահա մորը փորեն չէ ինկած...

Արդարև խաղի եկող մարդ չէր։ Երբեմն երիտասարդի մը, որ աննպաստ գործ մը առաջ կքշեր, պեխերուն մեջեն խնդալով կըսեր.

— Օղլում, չթվալդ պարպե նայինք, ո՛ր պայիրեն իջնելդ հեռուեն կտեսնեմ կո...

Ու քանի տարիները կանցնեին, այնքան հայրենի քաղաքին բարքերն, ավանդություններն ու սովորությունները սիրելի կթվեին իրեն ու Պոլիս անցուցած տարիներուն ճիլան, ինչպես ինք կըսեր, կթափեր։ Մտավորական հակումներ չուներ անշուշտ, բայց փոխարենը իրական ուշիմություն մը, ամեն փորձի դիմացող ողջամտություն մը ուներ ու ստացած ուսման վրա՝ կուտակած կյանքի խորունկ փորձառություն մը, որ իր խոսակցությունը ոչ միայն հաճելի, այլև շահեկան կընծայեր: Մնաց որ քիչ մը դիտավորյալ կերպով էր, որ հետզհետե կջանար նույնանալ զինքը շրջապատող մարդոց հետ։ Իր շինական ծագման պատճառով իրական խորշանք մը կզգար նորելուկ, ցուցամոլ երիտասարդներուն հանդեպ, որ երկբայելի ուսման մը հետ, Պոլսեն մեծ հովեր կբերեին և ստուգիվ կրթությունն ու ուսումը հակակրելի կընծայեին ժողովրդին աչքին, որ զանոնք չըթ-քըրըլտըմ, զեվզեկ և այլն մակդիրներով կորակեր։ Միշտ անտանելի գտած էր հագուստի, լեզվի սովորությանց այդ հեղակարծ ու ցուցամոլիկ շրջումները, որ հանրության բարքերը արհամարհելով բնույթը կկրեին։ Ու քիչ մը ատոր համար էր, որ ժողովրդին հետ կխոսեր անոր տաք ու համեղ լեզվովը, լեզու մը, որ մեծ բառերն ու ավելորդ հուզումները չէր սիրեր և որ կգոհանար իր ըսելիքը ըսելով։

Այս բոլորը պատճառ մը չէին սակայն, որ կրթական ընդհանուր մակարդակին բարձրացման ոգի ի բռին չաշխատեր։ Գլխավորաբար իր ճիգերուն շնորհիվ էր, որ թաղին վարժարանը քանի մը տարիե ի վեր նախանձելի վիճակի մը