— Տեղ մը կարդացած ըլլալու եմ,— ըսավ մտովի։ Կորսնցուցած ըլլալով բարձրաձայն իր մտածումները բանաձևելու սովորությունը, ամիսներն ի վեր լռությամբ որոճացած ըլլալով իր սպասումներն, հուզումներն ու անձկությունները, իրապես տարօրինակ կգտներ, որ բառերը այդ դյուրությամբ ու ճշգրտությամբ կհոսեին։ Մեկեն հոգին խախտած էր իր թմբիրեն ու մտածումը կարշավեր։ Երբեք չէր կրցած երևակայել, թե իր ընթերցումները կրնային այդ աստիճան ազդած ըլլալ վրան։
— Ի՞նչ ըսել կուզես,— հարցուց Արշամ վարանելով ու ինք զգաց, թե արագությամբ կվերստանար անոր ներքին կյանքին վրա իր ունեցած հեղինակությունը,— պարզապես քեզի պես հպարտ չեմ ու չեմ արհամարհեր մյուսները...
Այլ ձայնը կմատներ հոգվույն անձկությունը։ Հապճեպով փողկապը կապեց, խոզանակեց բաճկոնն ու վերարկուն ու գլանիկ մը վառելե առաջ դիտեց զինքը։ Ու առանց փոխանցումի էր, որ սկսավ պատմել, հազիվ փողոց իջած։ Կքալեր գլուխը հակ, երկու ուսերուն միջև ու բառերը դժվարությամբ կքակվեին շրթունքներեն։
— Անգլիացիներուն և ֆրանսիացիներուն հասնելեն հետո՝ դուն մեջտեղը չկայիր,— ըսավ մեղմորեն։— Կիլիկեցի Պետրոսին հետ ֆրանսական հիվանդանոցը աշխատանք մը գտանք։ Հայ երիտասարդ հիվանդապահուհի մը կար, որ մորը հետ կապրեր։ Այս վերջինը ևս կաշխատեր հարուստ սուրիացիի մը տունը։ Ու ուշ գիշերներուն միայն տուն կվերադառնար...
Ինք բացարձակապես չէր հարցուցած, թե ինչպես տեղի ունեցած էր այդ դեպքը։ Խուլ լռությամբ մը մտիկ կըներ զայն ու սիրտը զանգակի մը պես կհնչեր։ Ու տերևի մը պես սկսավ դողդոջել երբ անիմանալի խաղով մը իր երևակայությունը Արուսյակին դեմքը տվավ այդ հիվանդապահուհիին։
— Երկրորդ հարկը սենյակ մը վարձած էինք, Պետրոսին հետ, նույն տանը մեջ։ Երբ Ցոլակը գիշերային հսկողություն չունենար՝ երեկոները միասին տուն կդառնայինք։ Բայց կիլիկեցի Պետրոսը շուտով ձգեց մեզ հայրենակից ընտանիքի մը պատճառավ, որոնց տունը կընթրեր։ Ցոլակ ինձմե քանի մը տարու մեծ էր թեև, բայց այնքան շեն ու տղայական