Jump to content

Էջ:White Varsenik.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնավորությամբ, որ այդ տարիքի տարբերությունը չէր նեղեր զիս...

Վայրկյան մը կանգ առավ համբուն մեջտեղը ու քիչ մնաց, որ նայեր անոր աչքերուն։ Այլ վերստին ակնարկը խոնարհեց, կարծես թե հանցապարտ ըլլար։

— Անուշ և ուշիմ աղջիկ մըն էր։ Ու լավ համբավ մը ուներ թե՛ հիվանդանոցին և թե թաղին մեջ։ Ու արդեն ամեն մարդ զիս տղու տեղ կդներ, Ցոլակը առաջինը։ Երբ իրիկունը հաճելի ըլլար՝ միասին պարտեզներուն կողմը կէրթայինք ու մանուկներու պես կվազեինք իրարու ետևե։ Վերադարձին առանձին տուն կուդայինք սակայն։ Մայրը սկսած էր կասկածիլ արդեն։ Բայց ես սկիզբները գեշ մտածում չունեի։ Մեծ հաճույք մը կզգայի անոր ներկայութենեն ու այդքան միայն...

— Միշտ այդպես կսկսի հավանաբար,— ըսավ ինք մտովի։

— Իրիկուն մը՝ բավական հեռացած էինք քաղաքեն, կայարանին մյուս կողմը, պարտեզի մը եզերքն էինք։ Առանց պատճառի սկսանք վերստին իրար հետապնդել։ Երբ տաք խոտերուն վրա Ցոլակ ինկավ, ես ևս հավասարակշռությունս կորսնցուցի ու ինկա վրան։ Կջանար ազատիլ, երբ ձեռքերս հանդիպեցան իր մերկ ազդրերուն, այն ատեն ես ալ քեզի պես էի։ Խայթվածի պես ելա ոտքի ու լռությամբ տուն դարձանք...

Ձայնը հուզումեն թեթևորեն դողաց ու ինք կզգար, թե չէր ուզեր շարունակել, այլ չէր կրնար նաև կանգ առնել։ Տրտմությամբ աչքերը բարձրացուց դեմքին ու ինք վերստին խստությամբ լռեց։

— Եթե այդ կիրակի առավոտը Պետրոսը տունը ըլլար ու եթե իր մայրը եկեղեցի գացած չըլլար՝ անշուշտ այդ բանը տեղի պիտի չունենար։ Քանի մը օր հետո մեծ եղբայրս եկավ, և ես ալ մեկնեցա։ Բայց դժվար է մոռնալ զինքը...

Իսկ իր հետաքրքրությունը չէր գոհացած։ Ու արտակարգ անձկություն մը կար մարմնին խորը։ Ինք մինակը չէր կրնար մի՞թե այդ ամբողջ պատմությունը երևակայել։ Ինչ որ կսպասեր իր ընկերոջմեն՝ մնացյալն էր, ինչ որ դյուրությամբ չըսվիր։ Բայց Արշամ իր բեռեն թեթևցած կքալեր այժմ նույն արական վայելչությամբ ու գլանիկ մը շրթունքին։