Jump to content

Էջ:White Varsenik.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կիրակի առավոտը հետզհետե կպայծառանար։ Առաջիկա գարունը կարծես հեռուն բլուրներուն վրա էր ու քիչ հետո պիտի իջներ քաղաք։ Քայլերը արագացուց ու խորին ցավով մտածեց, թե ինչու կարգ մը արարքներ ոմանց համար այդքան դյուրին էին ու ուրիշներու համար այդքան դժվար։ Ու ատիկա իր հեռավոր մանկութենեն ի վեր։ Կքալեր ու կհիշեր ողջ անցյալը։ Դեռ մանուկ, մանկապարտեզի գրասեղաններուն վրա նշմարած էր ատիկա։ Պզտիկ ընկերներ կային, պուպրիկի պես ժպտուն, շփացած, գորովալի։ Մանկապարտիզպանուհին կծռեր վրանին ու կհամբուրեր զանոնք։ Իսկ իրեն՝ «Ծո՛ Բաբկեն, գրիչիդ մայրը մի՛ խածներ. ծո՛ Բաբկեն, մատդ քթիդ ծակեն դուրս հանե։ Ծո՛ Բաբկեն»... Տան մեջ ևս նույն կատակերգությունը կշարունակվեր։ Կին հյուր մը չկար, որուն վիզը չնետվեր եղբայրը ու կսկսեր աղմկարար համբույրներուն տարափը, մինչդեռ ինք ծառի մը կռթնած, կոշիկներուն ծայրերը կդիտեր։ Երբեք պարզությամբ շնորհ մը ընդունիլ կամ պարզությամբ խնդրանք մը ընել չէր գիտցած։ Ու որքա՜ն անարդար էին մարդիկ։ Իր անուշ բառերով՝ եղբայրը ընդունակ էր ուրիշին բաժինը անգամ խնդրել, իսկ ինք կսպասեր միշտ, որ մարդիկ արդարություն ընեին իրեն և կամ կբարկանար ու պոռալով կուզեր ուզածը։ Մայրը անգամ լրիվ չէր զգար զինքը։

Գուցե իր բոլոր անկարգություննեբուն պատճառը ատիկա էր՝ իր կանխահաս հպարտությունը, որ ամեն վայրկյան գլուխ կցնցեր, երիտասարդ նոխազի մը պես կոտոշ կթոթվեր աջ ու ձախ։

* * *

Առանց երկվայրկյան մը վարանելու, առանց մտածելու փոթորիկին, որ կրնար պայթիլ, երբ ամեն ինչ կարգադրված ու վերջացած էր արդեն, իրիկուն մը ցրտությամբ հայտարարեց, առանց խոսքը մասնավորաբար որևէ մեկուն ուղղելու, թե ընկերոջը հետ որբանոց ընդունված էին ու Կեդրոնական արձանագրված։ Որպեսզի որևէ տարակուսանք չմնա, ըսավ նաև օրը,— երկուշաբթի: Ու ընդհանուր լռության մեջ՝ գնաց իր սովորական տեղը ու վերսկսավ իր ընթերցումը, առտուն ընդհատած տեղեն։