Էջ:White Varsenik.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետո գլուխը չբարձրացուց անգամ, երբ հեղակարծորեն բոլորը միասին սկսան խոսիլ, անօրինակ մեղադրանքներ ուղղել իրեն ու անօրինակ ենթադրություններ ընել։ Կուզեր ամբողջ թաղին ու բոլոր հայրենակիցներուն առջև զիրենք խայտառակել, ավելի, մեծ անարգանք մը կարելի չէր երևակայել: Այսինքն՝ ի՞նչ կնշանակեր այդ ընթացքը։ Դեռ ի՞նչ կրնային ընել արժանի ըլլալու համար իր սիրույն։ Իրենցն էր հանցանքը, եթե վերադարձած էր առանց ահի, առանց Աստծո, առանց սրտի։ Հա՛ փայտի կոճղ մը դրեր ես անկյունը՝ հա զինքր։ Քարերը անգամ ավելի զգայուն էին իրմեն։ Ա՜խ այդ պատերազմը, որ տակնուվրա ըրած էր աշխարհը։ Արո՞ւն մտքեն կանցներ, թե պիտի վերադառնար այս քենով, այս ատելությամբ դեպի իր ազգականները։ Աշխարհը եթե շուրջը փլեր անգամ ընդունակ էր գլուխը չբարձրացնելու։ Առաջին օրն իսկ զգացած էին, թե զավակ չէր, որ ներս կմտներ, այլ թշնամի։ Ավելի դյուրին էր վայրի գազան մը զսպել, քան զինքր։

Հետո մեծ մայրը սկսավ բարձրաձայն հեկեկալ: Ու այդ մեծաղմուկ լացը չէր վայելեր ո՛չ իր տարիքին, ո՛չ ալ իր հեղինակության։ Ու ինք սկսավ այս բոլորը հոգնեցուցիչ ու ընդվգեցուցիլ գտնել։ Կրնար ըլլալ, որ հանկարծ ելլեր ոտքի ու ահարկու ձայնով մը պոռթկար իր ողջ դառնությունը։ Ու քանի աղմուկը կշատնար շուրջը՝ զայրույթը այնքան ուժգնությամբ կխարազաներ թիկունքները։ Գեշ հայհոյություն մը եկավ շրթոլնքներուն ծայրը։ Ու ձեռքերը սկսան դողդոջել ինչպես հորը ձեռքերը զայրույթի ժամուն։ Հոգվույն խորեն՝ մթին տրտմությամբ մը կսպասեր, որ վերջ գտնեն այս բոլորը, ու ինք վերադառնա իր ընթերցումին։ Բայց ոչ մեկ հետին զիջում ընելու տրամադիր էր։ Խորապես գիտեր, թե իրավունք ուներ ու սկսած էր ոչ միայն արդարացնել իր ընթացքը, այլև մեղադրել շուրջինները։

Ինչպե՞ս չէին զգար, թե ամեն ոք երկրի վրա իր ընտանիքը ուներ ու ամեն ընտանիք իր կլիման։ Իր ընտանիքը որբանոցն էր այլևս։ Որբանոցը իր ազատությունն էր ու իր ուրախությունը։ Ամեն ինչ պարզ ու մաքուր էր իր շուրջը, երբ Արշամին հետ կդեգերեր քաղաքին փողոցներուն մեջ։ նույնիսկ լռությամբ կքալեին կողք կողքի՝ կհասկնային իրար