Jump to content

Էջ:White Varsenik.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեղակարծորեն կվերադառնային օրվան ու գիշերվան որևէ ժամուն ու իր ակնարկին մեջեն կքալեին հին օրերու իրենց գեղեցկությամբ ու ինքնատպությամբը։ Կրնա՞ր գիտնալ միթե, այդ տարիքին, թե երկրի վրա ոչ ոք կար առանց վերքի, թե մարդիկ կշարունակեն ապրիլ, այդ վերքերով, որ ներսեն կարյունին, կերգեն այդ վերքերով ու երբեմն խորին տառապանքով կստեղծագործեն, այդ վերքերուն իսկ պատճառավ։

Ա՞յս էր կյանքը միթե։ Վերադարձի քանի մը ամիսներ բաված էին, որպեսզի խոշոր քայլերով հեռանար մարդոցմեն, ապաստանելու համար ներքին տվայտանքներու ու ներքին հրճվանքներու։ Այժմ լռությամբ կսիրեր երկիրը ու լռությամբ իր հոգին կընդուներ կյանքին պարգևած ժլատ հրճվանքները։ Կրնա՞ր միթե գիտնալ, այդ տարիքին, թե ոչ ոք կապրի ուրիշին նման։ Ամեն ոք ունի իր տառապելու, սիրելու և երգելու եղանակները։ Դոդոշը կկրկռա ու օձը կսուլե, շները նվալով կհայտնեն իրենց սերը ու սոխակը վարդի փուշերեն արյունելով կգեղգեղե։ Ամեն ոք ու ամեն էակ իր օրենքն ունի ու իր ներքին ճակատագրական կշռույթը, իր ներքին մեքենականությունը։ Դրսեն պարտադրված օրենքներն ու կարգապահությունը կրնան որոշել ու մեղմել իր արարքները, բայց իր արարչական պատկերը կմնա նույնը, իր էական գործերուն մեջ։ Ան ոչ ոքի բոլորովին կնմանի, ոչ ոքի հետ բոլորովին կնույնանա։

Կքալեր գիշերվան մեջեն ու մտովի կըսեր,— ա՞յս է միթե կյանքը։— Օճառի պղպջակներու պես՝ իր ափերուն մեջ պայթած էին, անաղմուկ, իր բոլոր հույսերն ու ակնկալած բոլոր հրճվանքները։ Դեռ շատ երիտասարդ էր ինքզինքը կարենալ աղքատ զգալու համար, այլ ոչ հարկ եղածին չափ չզգալու համար, թե կյանքը գեշ կսկսեր, իր որբ պատանության դիմաց։ Կքալեր գիշերվան մեջեն՝ ոչ մեկ լույս նշմարելով հեռուն, աշխարհի ճամբաներուն վրա։

Հետո ձյունի առաջին փաթիլները սկսան ծածկել ուսերը։ Օդը գրեթե գաղջ էր ու քաղաքը ընկղմված խորին լռության մեջ։ Երկու օրե ի վեր տուն կվերադառնար բոլորովին քուն մտնելեն հետո, ջանալով խուսափիլ նոր միջադեպե։ Ու ո՛ր ժամուն ալ որ գար՝ կգտներ Արուսյակը վարը, խոհանոցին մեջ։ Հապճեպով կտոր մը բան կուտեր ու կսպրդեր անկողնին