Էջ:White Varsenik.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ, կվերադառնար իր աշխարհին, իր երազներուն, իր գիշերին, որ կծագեր այնքան հեռուն ու մերթ հայրենի քաղաքին պատերն ի վեր, մերթ Արևելքի աստղածորան երկնքին տակ։

Իր քայլերն անգամ կմերժեին այս տունը, երբ այս բոլոր մտածումներուն բեռան տակ մտավ ներս։ Ակնարկն անգամ հմայաթափ էր ու լի անձկությամբ միաժամանակ, վասնզի կրակի չնչին նշույլ մը կբավեր զինքը հրդեհելու համար։

Լռությամբ տեղավորվեցավ ու լռությամբ սկսավ ճաշել։ Մորաքույրը կդիտեր զինքը ժպտուն, բազուկները կուրծքերուն տակ։ Ու իրեն թվեցավ, թե ան մեծ կարևորություն մը չի տար այս բոլոր պատահածներուն։ Գուցե ավելի երիտասարդ ըլլալով մյուսներեն՝ ավելի դյուրությամբ կըմբռներ իր հոգվույն փոթորիկը։

— Մեծ մայրիկդ շատ ազդված է,— ըսավ մեղմորեն,— ամբողջ օրը լալե վերջ՝ անկողին մտավ։ Արուսյակը բարձին քովն է։ Եթե աղեկ տղա ըլլաս՝ չես ձգեր, որ գիշերանց մինակ տուն դառնամ... Գիշերը մեզի կանցնես ու վաղ առտու կհաշտվիս մեծ մորդ հետ։ Ծեր կին է, մեղք է...

Քիչ մնաց գլխով հավանության նշան պիտի ըներ, բայց լռեց։

— Մայրդ եթե ողջ ըլլար, բնավ պիտի չներեր, որ այդպես վարվեիր մեծ մորդ հետ։ Իր արյունեն ես, միսեն միս ու ոսկորեն ոսկոր...

Կրնար ըլլալ, բայց աշխարհը նույն աշխարհը չէր, մարզիկը նույն մարդիկը չէին, կյանքը նույն կյանքը չէր: Իսկ Վերգինե մորաքույրը՝ վերջին դեպքեն ի վեր Գեղեցիկ կին մըն էր միայն, որմե ինք կամչնար, որմե ինք կերկնչեր։ Հոգվույն խորը՝ վերստին հիշեց զայն, այնպես, որ էր այն օրը, իր հայելիին առջև, հիշեց անոր ճոխ թիկունքներն ու շքեղ իրանը։ Կբավեր, որ մորաքույրը տեղափոխվեր, քայլ մը ըներ՝ աջ ու ձախ, որպեսզի այդ պատկերը վերստանար իր բաբախուն կենդանությունը։ Ակնարկը խոնարհեց՝ զայն չտեսնելու համար ու ոտքի ելավ միայն, երբ ան պատրաստ կսպասեր իրեն։

Խոնարհությամբ հետևեցավ անոր, չըմբռնելով կյանքին սարքած խաղերը, չըմբռնելով այդ հանցապարտ հաճույքը որով կդիտեր անոր քայլվածքը, գիշերվան մեջ, գողունի։