Jump to content

Էջ:White Varsenik.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձյունի հաստ խավ մը նստած էր արդեն տանիքներուն վրա ու փողոցին մեջ։ Չսահելու համար՝ մորաքույրը մտավ իր թևը, ողջ ծանրությամբը ինկավ վրան, կողերուն վրա կզգար անոր կուրծքը։ Անոր բուրումը կհպեր ռունգերուն։

Ու որքա՜ն գոլը հաճելի էր սենյակին մեջ։ Մորաքրոջը կեսուրը պառկեցուցած էր պզտիկները։ Լուռ տան մեջ կլսվեր, ծերունի կնոջ կանոնավոր շնչառությունը, նաև պատի ժամացույցին թիքթաքը։ Մորաքույրը նստավ վառարանին մոտ, բազմոցին անկյունը, գլանիկ մը վառեց ու սկսավ գիտել ձյունին տակ ծածկված փողոցը։ Ոտքի՝ կտեսներ անոր վարսերն ու ճերմակ պարանոցը, ձախ թիկունքն ու սրունքները, որ կախված էին բազմոցն ի վար։ Ոչ միայն գեղեցիկ, այլև գրավիչ էր այդ երիտասարդ կինը, գիշերվան այդ ժամուն։ Դարձուց գլուխը անդին, վերստին, չդիտելու համար զայն: Բայց մարմինը կդողար ջերմե։

— Գիտեմ, որ կծխես,— ըսավ մեղմորեն մորաքույրը,— ա՛ռ հատ մըն ալ դուն վառե...

Տատանելով մոտեցավ ու նստավ բազմոցին վրա, ձեռքերը ծունկերուն, գլանիկը շրթունքին, դիտելով վառարանին, փայլարե պատուհանիկը։

— Եթե մեր աղջիկ եղած ատենը տեսնեիր մեծ մայրիկդ օր մը իսկ տունը չէիր կենար։ Բոլորս ալ կդողայինք դիմացը։ Տանը էրիկմարդը եղած է միշտ, նույնիսկ խեղճ՝ հայրիկին ողջ եղած ատենը։ Հիմա՝ նորեն տանելի է ու քեզ շատ կսիրե, գիտցած ըլլաս...

Սիրուն շարժումով մը փեշը քաշեց ծունկերուն վրա ու, ոտքերը երկնցուց։

— Դուն ալ քիչ մը երկնցիր,— ըսավ,— դրսերը պտտելեն վրադ հալ չէ մնացած։ Եթե չվախնայի մայրիկը վշտացնելե՝ քեզ քովս կառնեի...

Մորաքրոջը աչքերուն մեջ ևս մառախուղ կար։ Իսկ ինք կկարծեր թե միշտ երջանիկ եղած էր ան՝ իր ամուսնին, իր երկու զավակներուն հետ։ Գլուխը այնքա՜ն ծանր էր ուսերուն վրա, որ որոշեց հանգչիլ քիչ մը։ Երկննալու վրա էր, երբ մորաքույրը մեղմորեն բռնեց իր գլուխը ու դրավ ծունկերուն վրա...

— Կհիշե՞ս,— հարեց,— մայրդ ի՜նչ անուշ ձայն ուներ։