Jump to content

Էջ:White Varsenik.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար կոտեմի ու ջրկոտեմի բույրը։ Պատին տակ արևածաղիկի խոշոր սկավառակներ վզերնին կտնկեին դեպի արևելք։ Ու թոռնիկները միշտ ծեր կնոջ փեշերուն շուրջն էին՝ թուխ, ցնցոտիապատ, ոտաբոբիկ։ Ու միշտ պարանե մը կախված կըլլային օրորոցը եղած մանուկի մը փոխնորդները։

— Բարի իրիկուն, Նազիկ տուտու,— կըսեին աշխատավորները։

Ու ան, ամեն օր, միշտ նույն հոգնած շարժումով՝ կկռթներ բահին, գլուխը կդարձներ մեղմորեն ու կմրմնջեր.

— Բարին ձեր վրա ըլլա, տղա՛քս...

Ահա այս բոլորը շարան-շարան մտքիս պաստառին վրա կտողանցեին, երբ մեկեն դուրսը լուսնկան ելավ, լի, լման, փառավոր։ Նախ փեղկին ճեղքերեն էր, որ իր Նշույլը ինկավ բարձիս վրա։ Անաղմուկ ելա, տղաքը չարթնցնելու համար ու, փեղկը բացի: Վայրկյան մը դիտեցի ծովը, որ գիշերվան այդ ժամուն իսկ զարմանալիորեն կապույտ էր ու լուսնկան կլողար ամպի կոհակներու մեջ։

Հազիվ վերջացուցած էի վերի տողը, երբ ուսիս վրա զգացի Արշամին ձեռքը։ Բնազդաբար ուզեցի պահել տետրակս, բայց ձեռքս բռնեց ու ըսավ.

— Ձգե՛ կարդամ։ Արդեն մեկ մասը տեսա...

Հետո քովս նստավ ու սկսավ հայերենս քննադատել։ Ու ստիպվեցա ընդունի, որ իր բոլոր դիտողությունները ճիշտ էին։ Կըսեր, թե առանձին ընդունակ չէր էջ մը գրել, բայց ուրիշին չափազանցություններն ու անճշտությունները դյուրավ կտեսներ։ Իսկ ես, հետզհետե կհամոզվեի, թե կյանքը ավելի հասունցուցած էր զինքը, քան զիս։ Չէր սիրեր մանավանդ խոշոր ածականները, որ ես այնքան հրաշալի կգտնեի։ Իր լեզուն ավելի պարզ էր քան իմինս։ Երբ իրեն ըսի ատիկա, մեղմորեն պատասխաներ.

— Պարզ, բայց մանավանդ ճշգրիտ, օրինակ՝ գրած ես. «Ծովը, որ գիշերվան այդ ժամուն իսկ անսահմանորեն կապույտ էր»։ Ոչինչ կնշանակե անսահմանորեն կապույտ։ Ես քու տեղդ՝ պիտի դնեի բոլորովին...

— Բայց երբ պատուհանը բացի, զարմացա, որ ծովը այդքան կապույտ էր...