Էջ:White Varsenik.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ուրեմն, զարմանքդ հայտնելու համար, դիր զարմանալիորեն, որ միտքդ ամբողջովին կբացատրե։

Կուզեր նաև, որ երկուքի ծալլված բացատրության տեղ դնեմ կորաքամակ: Իսկ ես պնդեցի, թե առաջինը ավելի արտահայտիչ էր ու թե մեր քաղաքը այդպես կըսեին՝ երկուքի ծալլկած է...


Նույն օրը երեկոյան

Ընկերներով ծովեզերքեն կանցնեինք, երբ մեկեն մտաբերեցի, թե ինչո՞ւ մյուս տղոցը պես գիշերները չէի կրնար քնանալ։ Հանցավորը երևակայությունս էր։ Հազիվ անկողին մտած, վերադարձես ի վեր, կամ հիշատակներ են, որ կխուժեն վրաս և կամ երազներ։

Կիրակի ետմիջօրեին հսկիչի մը հետ դաշտերը ելած էինք։ Օդը ցուրտ էր թեև, բայց հեռանկարին վրա շեն արև մը կար։ Անոր ճառագայթները այնքան զվարթ էին, որ մարդ կհիշեր գարունը։ Հետո ճամբու մը վրա հսկա ընկուզենի մը կար մերկ ճյուղերով։ Երևակայությունս արագությամբ զայն հագվեցուց ու տարավ քաղաք։ Ու գիշերը երբ անկողին մտա, այդ ընկուզենին հոն էր, հին աղբյուրի մը գլուխը։ Ես քաղաք վերադարձած էի գարնան վերջերը ու ընկերներու հետ դաշտերը կդեգերեի։ Մարգարտա գետինները արդեն ամառ կբուրեին ու հարսնուկները, դեռ հեռուեն, կարմիր ցոլացումներ կարձակեին։ Կռնակի վրա պառկած էինք՝ դալարիքին վրա ու մտիկ կընեինք թռչուններուն երգը։ Հետո մեզմե մեկը սկսավ երգել ու մենք ձայնակցելու վրա էինք, երբ մոտակա կածանե մը խումբ մը աղջիկներ երևեցան։ Բոլորն ալ ճերմակ հագած էին ու գարնան գեղեցկությունը իրենց մատղաշ մարմիններուն վրա էր։ Բնազդաբար ելանք ոտքի ու սկիզբը չէինք գիտեր, թե ի՞նչ կուզեինք ընել։ Բայց երբ անոնք՝ իբր թե մեզմե վախեցած, սուր ճիչեր արձակեցին ու սկսան փախիլ, ճկուն որսի բարակներու պես հետապնդեցինք զիրենք։

Իրական դեպքի մը պես կարծես կհիշեի այդ բոլորը։ Արևին ճառագայթները աչքերուս մեջ էին ու դեմքիս վրա։ Խոլ զվարճությամբ մը կվազեր, մինչդեռ ճերմակ շրջազգեստով աղջիկը կջանար խուսափիլ ինձմե։ Թավուտի մը եզերքը